«Այդպիսի բան չկա, դրանք սուտ տեղեկություններ են: Իմ և Լոռու մարզպետի միջև շատ լավ, աշխատանքային հարաբերություններ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ինքն այնքան թույլ ղեկավար է, որ ոչ մի հարց առանց մարզպետ Արթուր Նալբանդյանի «դաբրոյի» չի լուծում:
Նշենք, որ մամուլն այսօր գրել էր, որ մարզպետ Արթուր Նալբանդյանից Լոռու մարզում դժգոհություններ են հասունանում, հատկապես չինովնիկների շրջանում: Ասում են, թե նա ողջ մարզը բռի մեջ է պահում, ոչ մի համայնքի ղեկավար ոչ մի քայլ չի կարողանում անել առանց նրա «դաբրոյի»: «Ամենավատ վիճակում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ով անգամ ներքին, թեթև հարցերն առանց Նալբանդյանի «դաբրոյի» չի կարողանում լուծել, ամեն բան համաձայնեցնում է նրա հետ: Մարզպետն արդեն բոլոր սահմաններն անցնում է, բայց ոչինչ անել չեն կարող, թույլ են շատ քաղաքապետի դիրքերը, հենա¬րան չունի ներսում: Նույնիսկ կադրային փոքր փոփոխություններ չի կարողանում անել, ամեն ինչ չերեզ մարզպետ է: Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ սկսել են երանի տալ Դարբինյանի ժամանակները: Մամիկոն Ասլանյանը, ճիշտ է, ավելի կիրթ ու գրա¬գետ մարդ է, բայց թույլ է, անգամ իր նշանակած կադրերը չեն ենթարկվում»,- գրել էր «Հրապարակ» օրաթերթը:
«Դրանք ծիծաղելի լուրեր են, չեմ էլ ուզում մեկնաբանել: Կրկնում եմ՝ մարզպետի հետ շատ լավ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք: Մի բան էլ ավելի: Նա քաղաքական թիմի ղեկավարն է և երբեք իրեն թույլ չի տվել խառնվել քաղաքապետարանի ներքին գործերին, գործավարությանը: Դրա համար էլ ես այսքան ժամանակ չեմ իմացել՝ ինչ է նշանակում ենթարկվել մարզպետին կամ ուժեղ ու թույլ լինել: Ուժեղ է այն քաղաքապետը, ում տնտեսությունը աշխատում, շնչում է, ում քաղաքը կարգի է հրավիրվում: Հո ես կռիվ չե՞մ անում, որ ուժեղ կամ թույլ լինեմ: Մենք նորմալ աշխատում ենք մեր վերցրած կուրսով, որ մեր տված խոստումները կատարենք»,- ասաց Ասլանյանը:
Վանաձոի քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են ավարտելու Վանաձորի ճանապարհների ասֆալտապատման, փոսալցման աշխատանքները, որոնք արդեն անեկդոտների առիթ են դարձել: «Ես չեմ ուզում ոչ մի կարծիք մեկնաբանել: Մեր աշխատանքները պայմանագրի համաձայն ընթանում են և կավարտվեն օգոստոսի 31-ին»,- ասաց քաղաքապետը:
Մեր հարցին՝ հետևո՞ւմ է այդ աշխատանքների որակին, Ասլանյանը պատասխանեց. «Իհարկե, հետևում եմ: Նորմալ աշխատանք է: Դե ասողներ, քննադատողներ միշտ էլ կգտնվեն: Բայց ստանդարտներ գոյություն ունեն: Մարդիկ այդ ստանդարտներով աշխատում են, մեր աշխատակիցներն էլ հետևում, վերահսկում են: Հիմա էդ քննադատողները եթե ավելի լավ կանեն էդ աշխատանքները, թող գան անեն»:











































