«Սասնա ծռեր» խմբի անդամ, ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը չի մեկնաբանում ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության երեկվա հաղորդագրությունը՝ Կյուրեղյանի մոտ արգելված իր հայտնաբերելու մասին:
«Արեգին դրանից հետո տեղափոխել են պատժախուց: Արեգի դիրքորոշումը հետևյալն է՝ չենք մեկնաբանում այդ հաղորդագրությունը, բայց նաև խնդրեց հավելել բառացիորեն հետևյալը. «Եթե հնարավորություն ունենայի «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխել, կտեղափոխեի»»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նրա խոսքով՝ Արեգ Կյուրեղյանի մոտ նման իր ունենալը ինքնապաշտպանվելու համար է եղել։ Մի քանի օր առաջ նույն դատարանում ոստիկանների կողմից Արեգը դաժան ծեծի էր ենթարկվել: Շուշանյանի խոսքով՝ ցանկացած անձ ինքնապաշտպանության իրավունք ունի։
Պատժախցում Կյուրեղյանը կարող է մնալ մինչև 10 օր:











































