Հունաստանում տապի նոր ալիք է սկսվել. երեք օր երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանն ստվերում կգտնվի 40 աստիճանի, շրջանների մեծ մասում՝ շուրջ 37 – 38 աստիճանի նշագծին, հայտնում է Հունաստանի օդերևութաբանական ծառայությունը:
Տաք օդը Հունաստան է բերել Հյուսիսային Աֆրիկայից եկած անտիցիկլոնը։ Հունիսի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանն ստվերում 30 աստիճանից ցած չի իջել, իսկ հունիսի վերջին և հուլիսի առաջին օրերին հասել է մինչև 43 – 45 աստիճան: Մահացել են երկու տարեցներ, մի քանի տասնյակ մարդ հայտնվել է հիվանդանոցում:
Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արևից և խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից՝ հայտնում է RIA Novosti-ն։









































