Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվում է Գոռ Բառնաուսովի գործի դատավարությունը:
22-ամյա Գոռ Բառնաուսովն իր ընկեր Արմեն Զառաֆյանի հետ 2013 թվականի մարտի 1-ին, ժամը 22-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում գտնվող մթերային խանութի մոտ վիճել է պայմանագրային զինծառայող Արմեն Պետրոսյանի հետ:
Ըստ մեղադրանքի՝ Բառնաուսովը և ընկերը ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Պետրոսյանին՝ գլխի, կրծքավանդակի համակցված փակ, բութ վնասվածքի, կողերի կոտրվածքի, ձախակողմյան հիդրոթորաքսի, ձախ թոքի սալջարդի, փակ գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցման, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քթի ոսկրերի տեղաշարժով կոտրվածքի, աջ երիկամի ցնցման ու ձախակողմյան պնևմոթորաքսի ձևերով Պետրոսյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Գոռ Բառնաուսովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:











































