«Վերցրեք Մալթայի օրինակը, որ սահման չունի Եվրոպական միության հետ»,- նման հայտարարություն այսօր արեց Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է հաղթահարել Մաքսային միության երկրների և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը:
Հիշեցնենք, որ Մալթան Միջերկրական ծովի կենտրոնական մասում գտնվող կղզեխումբ է: Այսիքն՝ այն ելք ունի դեպի ծով, ինչը ավելի շատ է հեշտացնում ինտեգրումը, քան անգամ ցամաքային ընդհանուր սահմանի առկայությունը:
Բայց այսքանով Սպասկինի վատ երևակայության դրսևորումները չսպառվեցին, և նա համեմատեց Հայաստանը Լենինգրադի հետ: «Նման օրինակներ կան մեզ մոտ էլ, Լենինգրադի երկրամասը …… միջոցով (պարզ չէր՝ ինչ անուն տվեց,- Հ. Մ.) սահմանակցում է մաքսային միության ամբողջ տարածքի հետ»,- ասաց Սպասկինը:
Սխալ կամ կիսաճշմարտություններ էին նաև ռուս չինովնիկների ներկայացրած թվերը, որոնք իբր խոսում էին այն մասին, թե Հայաստանը տնտեսապես չի տուժի մաքսային միություն մտնելուց: Հարցին, թե ինչպե՞ս կարելի է համադրել Մաքսային միության՝ չափազանց բարձր մաքսատուրքերը Հայաստանի ցածր մաքսատուրքերի հետ, Սպասկինը պատասխանեց, թե Հայաստանի մաքսատուրքերը այնքան էլ ցածր չեն: Նրա խոսքով՝ Հայաստան ներմուծվող ապրանքների միջին կշռված մաքսատուրքը մոտ 8% է: Այստեղ, սակայն, ընկեր Սպասկինը մոռացավ ասել (կամ չգիտեր), որ ԵՄ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների միջին կշռված մաքսատուրքը 2-3% է: Եվ եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, այդ մաքսատուրքերի բարձրացումը հսկայական գնաճ կառաջացնի Հայաստանում:
Նմանատիպ «ցնցող» ու անհիմն թվերով ու «փաստարկներով» այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ հանդես եկան նաև Զարգացման Եվրասիական բանկի ու ԵվրԱզԷսի այլ չինովնիկներ՝ Եվգենի Վինոկուրով, Անդրեյ Սմիրնով, Վլադիմիր Լեպախին: Ռուսական ինչ-որ լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Ազա Միհրանյանն էլ (հավանաբար, նախկինում հայ, այժմ՝ ռուս դարձած Անդրանիկ Միհրանյանի դուստրը կամ ազգականն էր), անդրադառնալով բարձարստիճան եվրոպացիների հայտարարություններին, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի անվան փոխարեն օգտագործեց «Ֆիլե» բառը:





































