ՌԴ նահանգապետի կարգավիճակը գրավիչ չէր կարող լինել Վիկտոր Յանուկովիչի համար, այդ պատճառով էլ վերջինս ընտրեց ԵՄ-ն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի քաղաքագիտական կրթության ինստիտուտի տնօրեն, Կիևի ավագանու ընդդիմադիր խմբակցություններից մեկի անդամ Անդրեյ Ստրաննիկովը:
Ըստ նրա՝ Վիկտոր Յանուկովիչն առաջին նախագահը չէ, որ իշխանության է եկել պրոռուսական տրամադրությունների շնորհիվ, բայց վարում է եվրոպամետ քաղաքականություն:
Նրա խոսքերով՝ այդպես Յանուկովիչը ոչ միայն լիարժեք նախագահ է դառնում ամբողջ Ուկրաինայի համար՝ թույլ չտալով ռուսական կողմին սահմանափակել իր իշխանությունը, այլև ձեռք է բերում երկրի եվրոպամետ բնակչության համակրանքը:
«Միավորված երկրի նախագահ լինելը, ուժեղ վերահսկողությունը, ավելի շատ փող աշխատելը առաջնահերթություն է: Իսկ, այ, եթե դու Ռուսաստանի ինչ-որ հատվածի նախագահ ես, կամ ավելի ճիշտ՝ նահանգապետի նման մի բան ես, ապա դա գրավիչ չէ իշխանության եկած մարդու համար: Այդ պատճառով էլ իշխանության գալով պրոռուսական տրամադրությունների հիման վրա՝ Յանուկովիչը հիմա փորձում է իր կողմը գրավել պրոեվրոպական ընտրողներին, փորձում է ցույց տալ, թե տեսեք՝ ով էլ որ նախկին նախագահներից գոռար եվրոպական հեռանկարի մասին, ոչ մեկը երկիրը չբերեց Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, իսկ ես դա արեցի»,- ասաց Ա. Ստրաննիկովը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:









































