Երևանի քաղաքապետարանը շարունակում է ուղիներ փնտրել` քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով թանկացնելու համար, չնայած ինչպես «Առաջին լրատվական»-ի խմբագրություն դիմող քաղաքացներն են ահազանգում, քաղաքային տրանսպորտի վիճակը այս ամիսների ընթացքում մի խազ անգամ չի բարելավվել, ընդհակառակը` երեկոյան ժամերին որոշ երթուղայիններ սկսել են ավելի վատ աշխատել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ որոշել է հանձնաժողով ստեղծել Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման համար: Ընդ որում` հանձնաժողովը պետք է քաղաքապետին տրամադրի խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվություն և քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկություններ ներկայացնի: Հանձնաժողովն իր առաջին նիստը պետք է հրավիրի առաջիկա 5 օրերի ընթացքում: Ըստ այդմ` քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
Թվում է` քաղաքապետարանը ուղեվարձի խնդրի շահագրգիռ քննարկում է նախաձեռնում, սակայն հանձնաժողովի անդամների ցանկին ծանոթանալով կարելի է կռահել, թե մոտավորապես ինչ որոշումներ կկայացնի այդ հանձնաժողովը:
Հանձնաժողովի կազմում ուղեվարձի թանկացմանը հրապարակավ դեմ արտահայտված շատ քիչ մարդ կա` Հանրային խորհրդի ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանն ու «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը, նաև Հայաստանի արհմիություների ներկայացուցիչը, մնացածը հիմնականում կամ քաղաքապետարանի պաշտոնյաներ են, կամ ՀԿ-ներ, որոնք երբևէ թանկացմանը դեմ չեն արտահայտվել, կամ էլ` երթուղիների տերերի ներկայացուցիչներ են: Սա այն դեպքում, երբ բացի զօր ու գիշեր պայքարող ակտիվիստներից, տրանսպորտի թանկացման դեմ են արտահայտվել նաև բավական լուրջ կառույցներ, մի շարք մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ ու բազմաթիվ քաղաքացիներ:
Հանձնաժողովի որոշումները կայացվելու են հանձնաժողովի անդամների կեսից ավելի ձայներով, իսկ կեսից ավելին քաղաքապետարանի, իշխանահաճո ՀԿ-ների և երթուղիների տերերի ներկայացուցիչներն են: Դա նշանակում է, որ ընդունվելու են այն որոշումները, որոնք ծրագրել է քաղաքապետարանը: Հարց է ծագում, թե այս պարագայում ո՞րն է հանձնաժողով ստեղծելու իմաստը, եթե դրա որոշումները հասարակությունը չի ընդունելու:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալն է Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը: Հանձնաժողովի անդամներն են Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Նահապետյանը, քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում հրաժարականն են պահանջում քաղաքապետարանի առաջ նստացույց անող ակտիվիստները: Հանձնաժողովի անդամ են նաև քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ Ռուդիկ Թադևոսյանը, աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թառփոշյանը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը, մի շարք անհայտ ու հայտնի ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլք, անգամ` Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ինչպես նաև մի շարք գործիչներ, որոնք հայտնի են իշխանության ներկայացուցիչների որոշումներին մշտապես հավանություն տալու իրենց դիրքորոշմամբ:
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարի պիկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ հանձնաժողով է ստեղծվելու, որը բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու է թանկացման խնդիրը և սոցիալական խմբերի հարցերը: Այսօր, սակայն, այդ կազմով հանձնաժողովը նման խնդիր դժվար թե կարողանա լուծել:
Խնդիրն այն է նաև, որ այս ընթացքում քաղաքապետարանը չկարողացավ որևէ հարց լուծել տրանսպորտի վիճակի բարելավման ուղղությամբ և քաղաքացիներին համոզել, որ կարող է դրական փոփոխություն անել. մարդիկ էլի ճզմվելով, միմյանց ուսերին ելած են նստում տրանսպորտ, երեկոյան ժամերին մի շարք ուղղություններով տրանսպորտի վիճակն ավելի է վատացել, ու ոչ մի երաշխիք չկա, որ եթե ուղեվարձը 150 դրամ դառնա, տրանսպորտի վիճակը շոշափելիորեն կբարելավվի:









































