Անկարան կպահպանի իր ռազմական ներկայությունը Կատարում՝ չնայած այդ երկրի շուրջ ստեղծված ճգնաժամին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Թուրքիայի ռազմակայանը Կատարում ոչ միայն Կատարի, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցն է։ Թուրքիայի ռազմական ներկայությունը այնտեղ կշարունակվի։ Կատարում Թուրքիայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում քաղաքական ճգնաժամի հետ կապակցելու փորձը լուրջ սխալներով է հղի»,- հայտնել է Քուրթուլմուշը։
Նա հավելել է, որ կատարական ճգնաժամը «չունի խորը արմատներ ու արհեստականորեն է ստեղծված», իսկ արաբական երկրների 13 պահանջները Կատարին «անընդունելի են անկախ երկրի համար» ։











































