Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-մայիս ամիսների Հայաստանի սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որտեղ հետաքրքիր պատկեր է բացահայտվում հատկապես արտաքին առևտրի ոլորտում: Նախ նշենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտաքին առևտրաշրջանառությունը 23․1 տոկոս աճ է գրանցել: Ընդ որում՝ 20․9 տոկոս աճ գրանցել է արտահանումը, իսկ 24․4 տոկոս՝ ներմուծումը: Բացարձակ թվերով էլ ներմուծման ծավալը բավականին գերազանցում է արտահանմանը՝ այդ ամիսներին եթե ներմուծվել է 1 մլրդ 482 մլն դոլարի ապրանք, ապա արտահանվել է ընդամենը 803 մլն դոլարի արտադրանք: Այդպիսով՝ ՀՀ ներմուծումը մոտ 682 մլն դոլարով գերազանցում է արտահանմանը:
Արտահանման ու ներմուծմանը վերաբերող այս թվերի մեջ միակ մխիթարանքը թերևս այն է, որ դրանց միջև տարբերությունը գնալով փոքրանում է. եթե 5-6 տարի առաջ երկու-երեք անգամ ավելի շատ ապրանք էր ներմուծվում, քան թե արտահանվում, ապա հիմա այդ տաբերությունը կրճատվել է և կրկնակիի չի հասնում: Բայց միևնույն է, անգամ այս տարբերությունը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ ոչ ինքնաբավ և ներմուծող երկիր կամ ներմուծումը արտադրելուց գերադասող երկիր:
Սա, իհարկե, հարցի մի կողմն է, և մեր երկրի զարգացմանը, զբաղվածության ապահովվածությանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկն է: Բայց մեզ հետաքրքիր տվյալներ է հաղորդում նաև արտաքին առևտրի կառուցվածքն այն առումով, թե որ երկրի կամ միությունների հետ է մեր երկրի առևտրաշրջանառությունն իրականացվում: Այսպիսով, երկրներից ամենաշատ առևտուր ՀՀ-ն Ռուսաստանի հետ է արել, ում բաժին է ընկնում 26․5 տոկոս կամ 605․3 մլն դոլարի ապրանքաշրջանառություն: Հետևաբար, ՌԴ-ի կողմից ստեղծված ու ղեկավարվող ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նույնպես առաջինն է 29․2 տոկոսով 668 մլն դոլարով: Այդպիսով, ինչպես քաղաքական, այդպես էլ տնտեսական առումներով ԱՊՀ ասելիս՝ պետք է նկատի ունենալ ՌԴ-ին: Նույնը վերաբերում է նաև ՌԴ-ի ստեղծած մյուս կառույցին՝ ԵՏՄ-ին, որին մեր երկիրը, կարելի է ասել՝ բռնի ուժով անդամակցեց 2013թ.:
Ապրանքաշրջանառության առումով Հայաստանի երկրորդ խոշոր գործընկերը Եվրամիությունն է, որին բաժին է ընկնում մեր առևտրի 23․2 տոկոսը: ԵՄ երկրների հետ էլ ՀՀ-ն անցած հինգ ամիսներին ունեցել է մոտ 530 մլն դոլարի առևտուր: Բայց այս երկու միությունների՝ ԱՊՀ և ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն ունի մեկ այլ հետաքրքիր նրբություն: Պարզվում է, թեև ԱՊՀ-ի հետ է ավելի շատ առևտուրը, բայց արտահանումը ԵՄ երկրների հետ է գերակշռում: Այդպիսով, եթե ՀՀ-ն հունվար-մայիս ամիսներին ԱՊՀ երկրներ է արտահանել ընդամենը 185 մլն դոլարի ապրանք, ապա ԵՄ է արտահանվել 55 մլն դոլարով ավելի՝ 240 մլն դոլարի ապրանք: Այսինքն՝ ԵՄ-ի հետ արտահանման-ներմուծման հավասարակշռությունը գրեթե պահպանված է, ինչը մի քանի անգամով խախտված է ԱՊՀ-ի կամ ՌԴ-ի օգտին:
Այդպիսով՝ ՀՀ ԱՊՀ-ից կամ ՌԴ-ից երեք անգամ ավելի շատ ներկրում է, քան թե արտահանում: Նույնը վերաբերում է նաև ԵՏՄ-ին: Մինչդեռ 2013թ., երբ մեր իշխանությունները պատրաստվում էին ՀՀ-ին անդամակցել այդ կառույցին, անընդհատ բարձրաձայնում էին, թե մեր առջև ազատորեն բացվելու է այդ կառույցի ավելի քան 170 միլիոնանոց շուկան: Բայց հիմա երբ նայում ենք արտաքին առևտրի պատկերին, հասկանում ենք, որ հենց ՌԴ-ն է այդ միությունն օգտագործում իր համար շուկա գտնելու: Անգամ Հայաստանի ոչ գնողունակ շուկան ՌԴ-ն օգտագործում է իր արտադրանքն իրացնելու համար: Իսկ ինքը, հակառակը, ներմուծումը խոչընդոտող և իր ներքին արտադրանքը իրացնելու քաղաքականություն է վարում: ՌԴ Հայաստանից հիմնականում արտահանվում են խմիչք ու գյուղատնտեսական ապրանքներ: Իր դրամավարկային քաղաքականությամբ այդ երկիրը ներմուծվող ապրանքների իրացումը ոչ շահավետ է դարձրել, իսկ պետական գերատեսչությունների, օրինակ, «Ռոսսելխոսնադզորի» կամ ոչ պաշտոնական խմբավորումների միջոցով արգելում է գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը: Իսկ եթե մեր ներմուծման-արտահանման տարբերությունը վերջին տարիներին մի փոքր հավասարակշռվել է, ապա դա ԵՄ կամ այլ երկրներ արտահանման ավելացման շնորհիվ է եղել: ՌԴ-ի ու ԱՊՀ-ի դեպքում ներմուծումը շարունակում է 3-4 անգամ գերազանցել արտահանմանը:
Այդպիսով՝ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանին որևէ տնտեսական օգուտ չտվեց, մինչդեռ անցած շաբաթ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայտարարել է, որ ԵՄ-ի ընձեռած GSP+ համակարգից օգտվելով՝ ՀՀ-ն արտոնյալ տարիֆային պայմաններով հայկական ծագման ապրանք կարող է արտահանել այդ կառույցի անդամ երկրներ և տնտեսել տարեկան 10 մլն եվրո: Մինչդեռ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանին խոչընդոտում է ավելի ազատ առևտրային հարաբերություններ ունենալ ոչ այդ կառույցի անդամ երկրների հետ: Հարկ է նաև նշել, որ ՌԴ-ից ներմուծման առյուծի բաժինն ընկնում է էներգակիրներին՝ գազին և նավթամթերքներին: Այդ երկիրը պարզապես թույլ չի տալիս, որ Հայաստանը ուրիշից, օրինակ, հարևան Իրանից գազ և նավթ գնի:
Վերջում հավելենք նաև, որ ՀՀ-ի ապրանքաշրջանառության ամենամեծ քանակը՝ 47․5 տոկոսը կամ ավելի քան 1 մլրդ դոլարը բաժին է ընկնում այլ երկրներին, որտեղ առաջատարներ են Չինաստանը, Շվեյցարիան և Վրաստանը: Առաջին երկուսի դեպքում նույնպես արտահանումն ավելացել է, ընդ որում դեպի Շվեյցարիա ավելացել է 8․2 անգամ: Եվ ԱՎԾ-ն դեռ չի ներկայացրել այն վիճակագրությունը, որ հասկանալի լինի, թե ՀՀ-ն այդ ինչ է արտահանել այդ երկիր:







































