Երկուշաբթի օրը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքի դատարանը Ջոզեֆ և Լինդա Մեյոթներին դատապարտել է համապատասխանաբար 16-20 և 18-22 տարվա ազատազրկման՝ Ղազախստանից որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
2013-ի օգոստոսին երդվյալ ատենակալները 50-ամյա Ջոզեֆին մեղավոր ճանաչեցին մեղադրանքի 11 կետերով՝ խորթ դստերը բռնաբարելու համար, իսկ նրա 49-ամյա կնոջը՝ 18 կետերով՝ խորթ որդուն բռնաբարելու համար: Դատարանը նրանց կարող էր դատապարտել 10 տարվանից մինչև ցմահ ազատազրկման:
Դատական գործընթացի ընթացքում Մեյոթ ամուսինները պնդում էին, որ իրենք անմեղ են: Լինդան, օրինակ, պնդում էր, որ ինքն էր դարձել անչափահաս որդու բռնության զոհ և ոչ թե հակառակը: Նրան, սակայն, չեն հավատացել:










































