Լեռնային Ղարաբաղում իշխող կոալիցիայի մաս կազմող Արցախի ժողովրդավարական կուսակցությունն այսօր ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Մոտ երեք շաբաթից ԼՂՀ խորհրդարանն ընտրելու է անցումային շրջանի նախագահին: Սահակյանն առայժմ նախագահի միակ թեկնածուն է և կասկած չկա, որ ընտվելու է անայլընտրանք ընտրություններում: Թեև նոր սահմանադրությունը մինչև 2020թ-ը նախատեսում է անցումային նախագահ, սակայն նա մինչ այդ ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան այսօր, որովհետև արդեն սեպտեմբեր ամսին վերացվելու է վարչապետի պաշտոնը, և նախագահը, ի պաշտոնե, նաև ղեկավարելու է կառավարությունը:

Բակո Սահակյանը ՀՀ և ԼՂՀ նախագահների շարքում դարձավ առաջինը, ով, ըստ էության, պաշտոնապես խախտեց տասնամյա կառավարման տաբուն:
Խնդիրն ունի առնվազն մի քանի ասպեկտ և նախադեպային իրադարձություն է` իր հետևանքներով:
Այն, որ սահմանադրական փոփոխությունները թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում հարմարեցվել են իշխանությունների քաղաքական ծրագրերին` արդեն ակնհայտ փաստ է և դրականորեն չի անդրադառնալու ոչ Հայաստանի միջազգային իմիջի, ոչ էլ` արցախյան կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերի վրա: Եթե խոսենք ավելի մատչելի լեզվով, ապա Արցախի իշխանության լեգիտիմության մակարդակը մեկ նիշով անկում է ապրելու, ինչն արդեն բացասական երևույթ է:
Մյուս կողմից` Հայաստանի քաղաքական համակարգը, նաև դրա, ըստ էության, բաղկացուցիչը հանդիսացող Արցախի մինի համակարգը, վաղուց են միջազգային հանրության համար կորցրել իրենց դրական իմիջը և լավագույն դեպքում` արևմտյան դրական արձագանքի են արժանանում, երբ համեմատության մեջ են դրվում եվրասիական կամ Կենտրոնական Ասիայի ռեժիմների հետ:

Արցախում գոյություն չունի ինքնուրույն քաղաքական կյանք` իր առանձին համակարգով ու օրակարգով: ԼՂՀ քաղաքական մինի համակարգը հայաստանյան մեծ համակարգի անքակտելի բաղադրիչն է և Ստեփանակերտի իշխանության ստատուս քվոն լիարժեքորեն թելադրվում է Երևանից: Եթե որոշում է կայացվել Բակո Սահակյանի նախագահությունը երկարաձգելու մասին, ապա Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության գլոբալ խնդիրը թերևս արդեն լուծված է: Իհարկե, տեղ ունի նաև մյուս վարկածը: Բակո Սահակյանի նախադեպով փորձ է արվում շոշափել հանրային արձագանքները ու դրանց տրամաբանությամբ` հասարակությանը նախապատրաստել Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը կամ նախապատրաստել Սարգսյանի իշխանության ֆորմալ հանձնումը:
Համենայն դեպս, Բակո Սահակյանն անցավ ռուբիկոնը, հերթը` Սերժ Սարգսյանինն է:










































