Ռումինիայում չարագործները Միջազգային ֆինանսական կորպորացիայի առաքելության (Համաշխարհային բանկի ներդրումային բաժին) ղեկավար Աննա Մարիա Միխեսկուից գողացել են 200 հազար եվրո արժողությամբ բաժնետոմսեր, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հետաքննության տվյալներով՝ 2013 թ. սկզբին երկու կասկածյալներ, որոնց թվում եղել է կին՝ արտաքնապես շատ նման Միխեսկուին, կեղծ անձնագիր են ներկայացրել բրոկերական ընկերությանը և մանրամասն հաշվետվություն ստացել բաժնետոմսերի քանակի մասին, որն ուներ առաքելության ղեկավարը: Այնուհետև նրանք դիմել են մեկ այլ բրոկերական ընկերություն Բրաշովում, որտեղ հաշիվ են բացել կեղծ փաստաթղթերով և սկսել են վաճառել Համաշխարհային բանկի ներկայացուցչի բաժնետոմսերը:
Բաժնետոմսերի կորուստը, ինչպես հետաքննությանը հաղորդել է Միխեսկուն, բացահայտվել է այն բանից հետո, երբ բաժնետերերի ժողովին իրեն հաղորդել են, որ նա արդեն բաժնետոմսեր չունի: Եթե կասկածյալների մեղքը ճանաչվի, նրանց սպառնում է 10-20 տարվա ազատազրկում:











































