Քենիայի անվտանգության ուժերը սեպտեմբերի 23-ի առավոտյան սկսել են գրոհել գրոհայինների դիրքերը, որոնք գրավել են Նայրոբիի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնի մի մասը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները:
Դեպքի վայրից գործակալության թղթակիցը հաղորդում է կրակոցների և պայթյունների ձայների մասին: Իշխանությունները պաշտոնապես դեռևս մեկնաբանություններ չեն տվել: Շենքում հավանաբար գտնվում է 10-15 ահաբեկիչ:
Նշենք, որ «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման գրոհայինները սեպտեմբերի 21-ին պատանդներ են վերցրել Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնում: Ահաբեկիչները բաց են թողել բոլոր մուսուլմաններին, որից հետո կրակ են բացել առևտրի կենտրոնում մնացած մարդկանց վրա: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել շուրջ 68 մարդ, վիրավորվել է առնվազն 170-ը:
Պատանդների ազատ արձակման գործողությունը սկսվել է սեպտեմբերի 22-ին, ուշ երեկոյան:
Գրոհայինների թվում, որոնք մասնակցել են առևտրի կենտրոնի վրա հարձակմանը, եղել են ԱՄՆ քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ցուցակները, որոնք հրապարակվել են Twitter-ում, իսկ այնուհետև ջնջվել են «Ալ-Շաբաբ»-ի կողմից: Հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցակում եղել է գրոհայինների ինն անուն, որոնցից երեքը ամերիկացիներ են, երկուսը՝ Սոմալիից: Նրանց թվում եղել են նաև բրիտանացի, կանադացի, ֆինլանդացի և քենիացի:
NBC News-ն իր հերթին հաղորդում է, որ Քենիայի իրադարձություններին ԱՄՆ քաղաքացիների հավանական մասնակցության մասին հաղորդագրությունները ստուգում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:









































