«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
– Պարոն Խուրշուդյան, որոշ վերլուծաբաններ մեղադրանք ներկայացրեցին Հայաստանում գործող քաղաքական ուժերին` ՄՄ–ին անդամակցության վերաբերյալ իրենց դիրքորոշումը չարտահայտելու համար։ «Ժառանգություն»-ը ևս այդ ուժերի շարքում նշվեց: Արդարացի՞ էր այդ մեղադրանքը:
– «Ժառանգության» առաջնորդը պաշտոնապես Րաֆֆի Հովհաննիսյանն է, և նա հայտարարություն է տարածել Մաքսային միությանն անդամակցման որոշումից երկու-երեք օր անց: Նա ոչ միայն դատապարտել է այն, այլև պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ես չեմ պատկերացնում` դրանից ավելի հստակ ինչ դիրքորոշում պիտի լիներ, որ որոշ մարդիկ, ովքեր ոչ մի կերպ չեն ուզում տեսնել «Ժառանգության» դիրքորոշումը, չշարունակեին այդ կարծիքին մնալ:
– «Ժառանգությունը», կարծես թե, հստակ չի արտահայտել նաև իր դիրքորոշումը Սյունիքի նախկին մարզպետի որդուն և թիկնապահին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցի շուրջ:
– Մենք կտրուկ դատապարտում ենք դա: Այն պարագայում, երբ մի փոքր մագնիտոֆոն գողանալու համար 18-19 տարեկան երեխային ձերբակալում են տարիներով, իսկ մարդասպանին բաց են թողնում` անգամ առանց վերջնականապես ճշտելու հանգամանքները, մեղավորությունը, մեզ համար ակնհայտ է, որ դա արվել է ընտրություններից առաջ (ես նկատի ունեմ Սյունիքում կայանալիք ընտրությունները – ՀԽ) իրենց թեկնածուին սատարելու միտումով, այդ մարդկանց այնտեղ ուղարկելու, վախի մթնոլորտը Սյունիքում վերականգնելու համար: Հայտնի է, որ վախի մթնոլորտն այնտեղ էականորեն հաղթահարված է նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակից հետո, հիմա իրենք փորձում են վերականգնել այդ մթնոլորտը, ցույց տալ, որ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է այնտեղ տեր ու տնօրեն լինել, որ մարդիկ հիասթափված չգնան այդ ընտրություններին, իսկ ով էլ գնա՝ կաշառված կլինի: Այդպես իրենք փորձում են իրենց թույլ թեկնածուին, որն ընտրվելու շանս չունի, անցկացնել, չնայած հիմա էլ, կարծում եմ, բավական բարդ է լինելու իրենց համար, որովհետև մեր թեկնածուն այնտեղ հեղինակություն է վայելում, բավական ուժեղ է, ազատամարտիկ է, գուցե ոչ այդքան խարիզմատիկ անձնավորություն, հռետոր չէ, բայց մարդիկ գիտեն, որ նա ազնիվ, պարկեշտ մարդ է` իր կյանքի մի զգալի հատվածը, իր արյունը տված այս երկրին
– Այս պայմաններում Սյունիքում կայանալիք ընտրություններում «Ժառանգության» առաջադրած թեկնածուն ի՞նչ շանսեր ունի:
– Շանսերը բարձր են` թե՛ մեր թեկնածուի դրական հատկանիշների, թե՛ Հանրապետական կուսակցության թեկնածուի բավական բացասական իմիջի հաշվին, որ նա ունի նույնիսկ այն շրջանակներում, որոնք առանձնապես համակիր չեն «Ժառանգությանը»։ Նույնիսկ նրանք մեզ այսօր աջակցում են, որպեսզի ՀՀԿ-ի թեկնածուն չընտրվի: Մեր թեկնածուն որոշակի սահմանափակումներ ունի եթերաժամանակի և այլ նման կարգի հարցերում:
– Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանն ի՞նչ խնդիր է փորձում լուծել:
– Դա ընդամենը մահակ է նրա ձեռքում, ճնշում: Արդեն վաղուց Ռուսաստանը հավասարակշռությունը խախտել է նման ծավալի զինամիջոցներ Ադրբեջանին վաճառելով: Մեր միակ հույսը մնում է մեր ԶՈւ տոկունությունը, ուժն ու քաջությունը, որովհետև զինատեսակների տեսակետից արդեն այդ հավասարակշռությունը խախտված է: Ճիշտ է, մենք ցույց ենք տվել, որ անգամ ուժերի եռակի գերազանցման դեպքում ադրբեջանցիները պարտվում են հայ զինվորին, սակայն ամեն դեպքում Ռուսաստանի ջանքերի արդյունքն է, որ հավասարակշռությունը խախտվում է, և ես անգամ զարմանում եմ, որ մարդիկ Ռուսաստանին շարունակում են դաշնակից համարել:
– Այսինքն` կանխատեսելի ապագայում պատերազմի վերսկսումը հավանակա՞ն եք համարում:
– Ես չեմ կարծում, որ այդքան հեշտ է պատերազմ սկսելը, չեմ կարծում, որ Ադրբեջանը վստահ է, որ կարող է հաղթել, դրա համար մոտ ապագայում չեմ տեսնում նման հնարավորություն: Հենց այդ պատճառով ցավալի է, որ մեր իշխանություններն այդքան հեշտ տրվեցին այդ շանտաժներին ու ճնշումներին, ամեն դեպքում, որքան մեծանա այդ անհավասարակշռությունը, այնքան պատերազմի հավանականությունը մեծանում է, և հատկապես եթե մեր անվտանգության աղբյուրները նվազեն, որովհետև Ասոցացման համաձայնագրով մենք հույս ունեինք նաև էապես մեծացնել մեր անվտանգության ապահովման հնարավորությունը ԵՄ-ի կողմից ևս։ Այդ պայմանագիրը դա էր ապահովելու, այժմ մենք դրանից ևս զրկվեցինք:
– Շատ վերլուծաբաններ հնարավոր են համարում ԵՄ-ի հետ համագործակցության նվազագույն տարբերակի ընտրությունը։ Ո՞րն է լինելու այդ տարբերակն՝ ըստ Ձեզ:
– Նվազագույն տարբերակն այն է, որ վիժեցվի այս Մաքսային միության պայմանագրի ստորագրումը, փոխվի իշխանությունը, և նոր իշխանությունը տանի դեպի նոր համաձայնագիր ԵՄ-ի հետ` Ասոցացման համաձայնագիր, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի, միայն դրանում եմ տեսնում հնարավորությունը: Ամենակարևորն այն է, որ նոր իշխանությունը կարողանա կոնսոլիդացնել հասարակության բոլոր ուժերին` արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար, դիմակայելու նախ և առաջ սեփական ուժերով, ոչ թե ապավինելու դրսի ուժերին` ռուսներին, եվրոպացիներին։ Ինչքան էլ որ մենք դիվերսիֆիկացնենք մեր անվտանգության աղբյուրները, միևնույն է` անվտանգության գլխավոր աղբյուրը երկրի ներսում է: Դա ժողովրդի հավաքական կամքն է, ուժը, միասնականությունը, այն, ինչ մենք ունեցել ենք 1988-ին, և այն, ինչ ամեն անգամ ընտրությունների ժամանակ վիժեցնում է իշխանությունը` կոտրելով հասարակության ողնաշարը, 100 000-ավոր մարդկանց մղելով արտագաղթի, հուսալքված վիճակի:
– Նշում եք նոր իշխանության կազմավորման անհրաժեշտության մասին, ու՞մ, ի՞նչ ուժերի եք պատկերացնում նրա կազմում:
– Նրանք բազմաթիվ են: Ինչով է առատ մեր երկիրը` ստեղծագործ մարդկանցով: Այդ ուժը միայն կուսակցությունները չեն, բազմաթիվ անհատ քաղաքացիներ են, մասնագետներ, ի վերջո՝ մենք ուզում ենք արհեստավարժ մարդկանցից կազմված կառավարություն:






































