Սայաթ-Նովա 10,12 շենքերի բնակիչները կրկին բողոքում են իրենց բակում նախկին կաթսայատան փոխարեն նոր բազմաբնակարան շենք կառուցելու որոշման դեմ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնակիչներից մեկը վրդովված նշեց, որ 1 մետր 20 սմ մակերեսով տարածքի վրա շենք կառուցել հնարավոր չէ: «Սա բացառիկ խայտառակություն է: Այս անամոթ գործողության համար իշխանությունները պետք է վերջապես պատասխան տան: Ինչ վերաբերում է կառուցապատող ընկերությանը, ապա նա դիմելէ քաղաքապետարանին՝ շինարարություն իրականացնելու համար, նրան էլ իրավունք է տրվել: Այնինչ չպետք է տային: Քաղաքապետը պետք է ինձ ծառայի, չէ՞ որ նա աշխատավարձ է ստանում իմ գրպանից: Կամ քաղաքապետը պետք է հայտարարի, որ այս տարածքի համար խոշոր կաշառք է վերցրել, ուստիև չի կարող հրաժարվել շինարարության գաղափարից, կամ էլ ասի, որ հասարակական շահին չի ծառայում, այլ միայն անհատների շահերի համար է աշխատում»,- ասաց նա:
Քաղաքացին հավաքվածներին կոչ արեց հանդես գալ հայտարարությամբ՝ շեշտը դնելով տվյալ հասցեում որևէ կառուցապատում չիրականացնելու փաստի վրա: «Այնուհետ պետք է հարցադրումներ ուղարկել քաղաքապետին: Գործող քաղաքապետի գործողությունները հստակ ապացուցում են, որ նա իր «պոստում» չէ, այլ հայտնվել է մի տեղում և ինչ ասես ստորագրում է»,- ասաց նա:












































