Չինաստանում վտանգավորության բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել՝ կապված «Ուսագի» («Երկնային նապաստակ») թայֆունի մոտենալու հետ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ծովում եղանակային պայմանների կանխատեսման չինական ազգային կենտրոնին:
Թայֆունն աստիճանաբար մոտենում է հարավչինական Գուանդուն մարզին և կհասնի դրա սահմաններին կիրակի երեկոյան: Նավերի անձնակազմերին խորհուրդ է տրվել վերադառնալ նավահանգիստներ:
Չինաստանում ընդունված է տարերային աղետների նախազգուշացման 4 մակարդակից (կապույտ, դեղին, նարնջագույն և կարմիր) բաղկացած համակարգ:
«Ուսագին» կդառնա այս տարի Չինաստանին հարվածած 19-րդ թայֆունը: