Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով անցյալ ամիս նշել է իր ծննդյան 83-ամյակը, երրորդ անգամ է ամուսնանում: Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 20 մլրդ դոլար: Միլիարդատիրոջ ընտրյալը 42-ամյա Տամիկո Բոլտոնն է:
Զույգը ծանոթացել է 2008-ին և 2012-ին հայտարարել նշանադրության մասին:
Հարսանեկան արարողությունը, որին հրավիրված են մեծ թվով քաղաքական գործիչներ և գործարարներ, կտևի 3 օր՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Տոնակատարությունը կսկսվի ուրբաթ երեկոյան՝ Մանհեթենի Ժամանակակից արվեստի թանգարանում:
Հարսանեկան արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ Սորոսի առանձնատանը: Արարողությանը հրավիրված են զույգի հարազատները, այդ թվում՝ խոշոր ներդրողի 5 երեխաները: Այդ նույն երեկոյան Կատոնա քաղաքում տեղի կունենա 500 մարդու համար նախատեսված հանդիսավոր ընդունելություն, որին հրավիրված են շատ հայտնի քաղաքական գործիչներ:
Կիրակի օրը նորապսակները տոնական ճաշ կկազմակերպեն, որի ժամանակ հանդես կգան երգչուհի Մայրա Անդրադեն և Via Romen գնչուական խումբը:






































