Եթե ամերիկյան Կոնգրեսը չքվեարկի հօգուտ պետպարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման, ԱՄՆ-ը կարող է նոր ֆինանսական ճգնաժամի բախվել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Լիմբերտի քաղաքում (Միսուրի) Ford-ի աշխատակիցների առջև: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ-ում դեֆոլտը կարող է վրա հասնել արդեն հոկտեմբերի վերջին: 2011-ին այդ պետպարտքի «առաստաղի» բարձրացման շուրջ բարդ բանակցություններ տեղի ունեցան իշխող Դեմոկրատական և ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունների միջև: Վերջին պահին հազիվ հաջողվեց խուսափել դեֆոլտից:
Ելույթի ժամանակ Օբաման Կոնգրեսին կոչ է արել, որի ստորին պալատը վերահսկում են հանրապետականները, հնարավորինս շուտ ընդունել 2014 ֆինանսական տարվա բյուջեն: Նոր ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին:
Նրա խոսքով՝ բյուջեին և պետպարտքին վերաբերող օրինագծերի ընդունմանը խոչընդոտում է հանրապետականների աջ ծայրահեղական թևը:
«Փորձելով թույլ չտալ միջոցներ հատկացնել առողջապահական բարեփոխման համար՝ նրանք այնպիսի դիրքորոշում են բռնում, որն արդյունքում կարող է տանել կառավարության աշխատանքի դադարեցման և դեֆոլտի»,- ասել է Օբաման:









































