Իրանի ղեկավարությունը պետք է իր միջուկային ծրագրի կարգավորման հարցի շուրջ աշխատի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև համագործակցի Գերմանիայի և ՄԱԿ ԱԽ-ի մշտական հնգյակի հետ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
Ինչպես հայտնել է Ռոդսը, ԱՄՆ կառավարությունը հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագիրը «5+1» խմբի կողմից քննարկման օգտին:
Ռոդսի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները թեև աջակցում են գլոբալ սպառնալիքների դեմ պայքարի մասին Իրանի հայտարարությանը, սակայն դա բավարար չէ՝ վերացնելու համար միջուկային ծրագրի հանդեպ անհանգստությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին սյունակ է գրել Washington Post-ում՝ խոստանալով համագործակցել մնացած երկրների հետ՝ լուծելու այնպիսի խնդիրներ,ինչպիսիք են ահաբեկչությունը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, կիբերհանցագործությունն ու մշակութային ագրեսիան:










































