«Մենք այսօր` սեպտեմբերի 21-ի նախաշեմին եկել ենք տարբեր անկյուններից` գյուղից, քաղաքից, մտավորական և քաղաքացի, որդեկորույս՝ զինվորի ծնող, պայքարող ակտիվիստ, երիտասարդ և ազատամարտիկ` ասելու համար, որ մեր պետականությունը, որը վաղը իր վերականգնման քսաներկուերորդ ամյակը կնշի, վտանգի տակ է»,- այսպես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը:
Նրա խոսքերով` սա ոչ միայն համազգային տոն է, այլ պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը պատականում է մեր ժողովրդին. «Ոչ մեկ չի վերցնելու այդ հանձնառությունը, բացի մեր ժողովրդից։ Սա պետք է լինի վերջին տարին, որ հայ ժողովուրդը տոնում է Անկախության օրը ստրկացման մեջ։ Սկսելու ենք համազգային բողոքը և տանելու մինչև վերջ» :
Շարունակելով իր միտքը՝ Ր. Հովհաննիսյանն ասաց. «Սիրելի հայրենակիցներ բոլորս միասին պետք է ստեղծենք նորարար համազգային մի ճակատ` անկախ քաղաքական և քաղաքացիական պատկանելությունց՝ որպես շարքայիններ։ Եվ հանուն Հայաստանի՝ պետք է այնպես անենք, որ ով գնաց կեղծիքի ճանապարհով, ով հանցագործ և հակապետական քայլ արեց` հեռանա իր աթոռից: …Անհրաժեշտ է, որ ով փետրվար 18-ին կազմակերպեց այդ հանցագործությունը, ով նահանջեց, ով հայ-թուրքական արձանագրությունները… ով խորացրեց, Մադրիդյան հակապետական սկզբունքները առաջ քաշեց, ով մի քանի օր առաջ որոշեց Հայաստանի ինքնիշխանությունը ուրիշին հանձնել՝ պետք է հեռանա իր աթոռից:
Նորություն չէ` ինձնից լավ գիտեք, որ մեր ազատությունը, ինքնիշխանությունը վտանգի տակ է, և եթե մենք դուրս չգանք մեր անկյուններից և հզոր բռունցք չստեղծենք, ոչ մեկ մեզ չի ներելու մեր պետականության կորստի համար:
Եթե համեմատեք այս երեք նախաձեռնությունները, դա արդեն Հայաստանի անընտիր, ոչ իրավակարգ իշխանությունների մասնակցության հետևանք է:
Ով չմիացավ ազտամարտիկի երիտասարդի, քաղաքացու այս պայքարին՝ զիջում է մեր ազատությունն ու ինքնիշխանությունը հերթական բռնարարքների` Դմիտրի, Բաբկեն, Տիգրան, ԺՈւԿ անդամ Վիգենի, ով այսօրվա ծանուցումները բաժանելով՝ ենթարկվեց բռնարարքի, դրա համար այսօրվա բողոքը կշարունակվի մինչև հաղթանակ»։
Հովհաննիսյանը հավելեց, որ ով ճանաչի Հայաստանի շահը Հայաստանի քաղաքացու իրավունքը` նա էլ մեր ռազմավարական գործընկերն է:












































