Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից չորս տարի անց՝ օրերս Եվրախորհրդարանում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման հարցը: Քննարկման ժամանակ թուրքական կողմը ևս մեկ անգամ վերահաստատել էր, որ Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ ռուս քաղաքական վերլուծաբան, Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հաստատ ԵԽ-ում չէ, որ կլուծվեն: Դա, ըստ նրա, այն տեղը չէ, որտեղ կորոշվի այդ հարցերի ապագան, քանի որ ամեն դեպքում ԵԽ-ն ոչ մի ռեսուրսի չի տիրապետում, որպեսզի գործընթացն առաջ մղվի: Իսկ դրա համար, միջազգայնագետի համոզմամբ, անհրաժեշտ է Երևանի և Անկարայի պրագմատիկ հետաքրքրվածությունը: Սակայն փորձագետը ոչ Թուրքիայում, ոչ Հայաստանում կոնկրետ հետաքրքրվածություն չի տեսնում:
«Ի՞նչ կարող է անել Եվրոպան՝ ստիպել Թուրքիային ուշադրություն դարձնել հայ-թուրքական հարաբերություններին ԼՂ հարցից առանձի՞ն, իհարկե՝ չի կարող, ռեսուրսներ չունի: Կարո՞ղ է ստիպել հրաժարվել Ղարաբաղից և գրավել զիջողական դիրքորոշում՝ ոչ, այսինքն՝ դրա մասին պետք է խոսել, խոսում են: Ոչ մի կողմը չի ցանկանում զիջել, պետք է որևէ կողմ սկսի զիջել:
Եթե Թուրքիան ցանկանում էր վավերացնել արձանագրությունները, ապա պետք է Ադրբեջանին ասեր, որ Ղարաբաղի հարցն իրենց համար երկրորդ պլանում է, բայց դրան գնալ չի կարող, որովհետև Թուրքիայում կա նախկին ադրբեջանցիների ընտրազանգված: Եթե ՀՀ նախագահն էր ցանկանում վավերացնել Թուրքիայի հետ արձանագրությունները, ապա պետք է առաջարկեր այդ հարցը չկապել Ղարաբաղի հարցի հետ, բայց դա էլ չի կարող լինել»,- նման տեսակետ հայտնեց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ տեսականից, այսինքն՝ հայ-թուրքական արձանագրությունների փաստաթղթից, պետք է անցում կատարել պրակտիկային: Նրա խոսքով՝ թղթի վրա ամեն ինչ հրաշալի գրվել է, իսկ պրակտիկայում հետագայում պետք է կողմերից մեկը զիջի, որը չի ստացվում:








































