Չնայած Ռուսաստանը և Ուկրաինան ընդհանուր արմատներ և ավանդույթներ ունեն, Ուկրաինան անկախ պետություն է և իրեն դաշնակիցներ ընտրելու ինքնիշխան իրավունք ունի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես է մեկնաբանել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու Ուկրաինայի մտադրությունը :
Ռուսաստանի նախագահը կարծում է, որ եթե Ուկրաինան սկզբում միանար Մաքսային միությանը, դրանից հետո կարող էր համակարգել ջանքերը` Եվրոպայի հետ համագործակցության ավելի լավ պայմանների հասնելու համար:
Պուտինի խոսքերով` Ռուսաստանի մաքսային պաշտպանության մակարդակը երկու անգամ ավելի բարձր է, քանի Ուկրաինայինը: Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ շուկաների բացումը տնտեսությունն ավելի լիբերալ է դարձնում:
«Արդյոք ուկրաինական տնտեսությունը կարո՞ղ է հաղթահարել նման լիբերալիզմը: Ես չգիտեմ, և դա մեր գործը չէ: Մեր խնդիրն այն է, որ եթե Ուկրաինայում մաքսային պաշտպանության մակարդակն ավելի նվազի, Ուկրաինան կողողվի բավականին լավ որակի, էժան եվրոպական ապրանքներով: Դրանք ուկրաինական ներքին շուկայից դուրս կմղեն ուկրաինական արտադրանքը: Ուր` մեզ մոտ: Եվ դա խնդիր է ստեղծում, այդ պատճառով մենք նախօրոք զգուշացնում ենք»,- ասել է Պուտինը:
Պետության նախագահի խոսքերով` Ռուսաստանն ազնվորեն ասում է. «Լսե՛ք, մենք ամեն ինչ հասկանում ենք: Դա ձեր ընտրությունն է: Սակայն հաշվի առեք, որ մենք ստիպված կլինենք պաշտպանել մեր շուկան` սահմանել պաշտպանական միջոցներ»։






































