1985 թվականի օգոստոսի 3-ն էր: Երևանյան բուհերից մեկում այդ օրը մաթեմատիկայի ընդունելության քննություն էր լինելու: Քննությունը սկսվելուց երկու ժամ առաջ՝ առավոտյան ժամը 7-ին, երկու դիմորդներ՝ Վարդանն ու Անուշը, իրենց ծնողների ծանոթ Լենդրուշ Պետրոսյանի հետ մտան քննական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոմիկ Մելքոնյանի տուն:
56-ամյա Ռոմիկ Մելքոնյանը գիտությունների թեկնածու էր, ամբիոնի վարիչ: Նա ուշադիր նայեց դիմորդներին, մտապահեց նրանց արտաքինը և առաջարկեց դիմորդներին օգնելու իր մեխանիզմը. «Վարդանն ու Անուշը իրար կողք նստել չեն կարող՝ վտանգավոր է: Վարդանը տրված հանձնարարությունը կարտագրի մաքուր թղթի վրա, աննկատ կսահեցնի իմ գրպանը, ես թուղթը կհանձնեմ քեզ, Լենդրո՛ւշ, դու էդ մաթեմատիկայի դասատուի հետ խնդիրներն արագ կլուծես, թուղթը կփոխանցես ինձ, իսկ ես՝ Վարդանին… Մի խոսքով՝ տղայի գերազանց գնահատականը կարելի է ապահովված համարել… »:
Ուղիղ ժամը 9-ին դիմորդներ Վարդանն ու Անուշը նստած էին քննասենյակում: Լռություն էր տիրում: Միայն պատասխանատու քարտուղար Ռոմիկ Մելքոնյանի քայլերի ձայնն էր լսվում՝ նա անցնում էր շարքերի միջով, իբր՝ հետևում էր քննության օրինական ընթացքին:
Երբ պատասխանատու քարտուղարը հայտնվեց դիմորդ Վարդանի նստարանի կողքին, այնպես կանգնեց, որ Վարդանը հանձնարարություններով թուղթը կարողացավ սահեցնել նրա գրպանը: Ռոմիկ Մելքոնյանը մի պտույտ էլ կատարեց սենյակում և հանգիստ դուրս եկավ:
Գնաց ընդունելության տեխնիկական հանձնաժողովի սենյակ, պատուհանից նշան արեց դրսում սպասող Լենդրուշին: Քիչ անց քննական հանձնարարություններով թուղթը Լենդրուշի մոտ էր արդեն:
Հանձնարարությունները լուծվեցին Վարդանի հոր մեքենայի մեջ: Հինգ խնդիրներից երեքը լուծեց Լենդրուշը, երկուսը՝ երևանյան դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Հակոբ Գալստյանը…
Այս գործի նախաքննության ընթացքում պարզվեց, որ Լենդրուշը, լինելով մաթեմատիկայի մասնագետ, ստուգելով երկրորդ դիմորդի՝ Անուշի գիտելիքները, համոզվելով, որ աղջիկն առանց կողմնակի օգնության էլ կհանձնի քննությունը, որոշել էր, որ եթե Անուշին նստեցնեն Վարդանի կողքին, Անուշը կլուծի Վարդանի խնդիրները: Բայց պատասխանատու քարտուղարն այս տարբերակը վտանգավոր էր համարել ու չէր ընդունել…
Վարդանի հայրը մաթեմատիկայի քննությունից որդու գերազանց գնահատականի համար տվել էր 16 հազար ռուբլի կաշառք: Փողը տվել էր մաթեմատիկայի ուսուցիչ Գալստյանին: Վերջինս որպես իր բաժին՝ վերցրել էր 5 հազար ռուբլին, մնացած 11 հազար ռուբլին հանձնել էր Լենդրուշին: Վերջինս էլ այդ գումարից 8 հազար ռուբլին տվել էր պատասխանատու քարտուղար Ռոմիկին, իսկ 3 հազար ռուբլին պահել էր իրեն:
Վերադառնանք քննության վայր: Լուծելով բոլոր հինգ խնդիրները՝ Լենդրուշը, դիմում հանձնելու պատրվակով, մտավ շենք, Ռոմիկ Մելքոնյանին հանձնեց խնդիրներով թուղթը և ցանկացավ շենքից դուրս գալ: Բայց դռան մոտ նրան էին սպասում իրավապահները…
Դիմորդ Վարդանի հոր մեքենայի մեջ սևագիր օրինակներ կային՝ բոլոր թղթերն առգրավվեցին: Ձերբակալվեց նաև մաթեմատիկայի ուսուցիչ Գալստյանը:
Այս շղթան միավորող մի անձ էլ կար՝ պատասխանատու քարտուղար Ռոմիկի եղբայր Ֆադեյն էր: Նա բակում հավաքված ծնողների շարքում կանգնած՝ հետևում էր անցուդարձին:
Ֆադեյը պատահական մարդ չէր՝ նույն բուհի դասախոսներից էր: Տեսնելով՝ ինչպես իրավապահները բռնեցին Լենդրուշին ու Գալստյանին, Ֆադեյը քարտուղարուհիներից մեկի միջոցով լուրն ուղարկեց եղբորը:
Ռոմիկ Մելքոնյանը, ցանկանալով խուսափել բռնվելու վտանգից, խնդիրների լուծումներով թուղթը այդպես էլ չհանձնեց դիմորդ Վարդանին, ով մինչև քննության ժամանակի ավարտը սպասում էր այդ թղթին:
Վարդանը մաթեմատիկայի քննությունից «անբավարար» ստացավ: Հոր «ջանքերով» Վարդանը ուսումնարանը ավարտել էր գերազանց գնահատականներով, բուհ ընդունվելու համար բավական էր, որ մեկ քննությունից՝ մաթեմատիկայից, «գերազանց» ստանա…
Գործի նախաքննության ընթացքում պարզվեց, որ Լենդրուշ Պետրոսյանը նախաձեռնել էր ևս երեք հոգուց կաշառք վերցնելու դրվագներ՝ մեկին բուհի հեռակա բաժանմունք ընդունելու համար պահանջել էր 17 հազար ռուբլի, ծանոթի որդուն քննության ժամանակ օգնելու համար պահանջել էր 650 ռուբլի, իսկ մեկ այլ ծանոթի որդուն ընդունել տալու համար պահանջել էր 15 հազար ռուբլի…
ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ռոմիկ Մելքոնյանին մեղավոր ճանաչեց ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով և դատապարտեց 10 տարի ազատազրկման: Հօգուտ պետբյուջեի՝ պետք է բռնագրավվեր նրա ամբողջ անձնական ունեցվածքը, ինչպես նաև նրա ու կնոջ անունով բանկում ունեցած ավանդների կեսը:
Լենդրուշ Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 17-185 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեց 10 տարի ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ: Բռնագրավումը տարածվում էր նաև Պետրոսյանի անձնական օգտագործման մեքենայի վրա: Դատարանն արձանագրեց, որ Լենդրուշ Պետրոսյանը հանդես եկել որպես նախաձեռնող, իր ակտիվ գործողություններով նպաստել է ինչպես կաշառք ստանալուն, այնպես էլ կաշառք տալուն:
Ռոմիկ Մելքոնյանի եղբոր՝ Ֆադեյ Մելքոնյանի դերը հանցավոր շղթայում նույնպես բացահայտվեց, նա դատապարտվեց 5 տարի ազատազրկման՝ անձնական գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:
Մաթեմատիկայի ուսուցիչ Հակոբ Գալստյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Մերժվեց դպրոցի կոլեկտիվի միջնորդությունը՝ նրան չազատազրկելու, կոլեկտիվում վերադաստիարակելու վերաբերյալ:









































