Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում:
Հարցը նախօրեին քննակվում էր ԱԺ արտահերթ նիստում: Զեկուցող՝ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով՝ համայնքների խոշորացմամբ իրենք նպատակ չեն հետապնդում ռեսուրսներ խնայել, այլ իրենց միակ ցանկությունը համայնքների համաչափ զարգացումն է, որը հնարավոր է միայն խոշորացման պարագայում:
Բայց ինչպես խոշորացման առաջին փուլի ժամանակ, այնպես էլ հիմա խոշորացվող բազմաթիվ համայնքներ դեմ են այս գործընթացին: Համայնքի բնակիչները քիչ թե շատ իրազեկված են գործընթացի մասին, բայց շարունակում են դեմ լինել:
Օրինակ՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի համայնքապետ Յուրիկ Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ ինքն է համաձայն խոշորացմանը, ոչ էլ համայնքի բնակիչները:
«Ոչ մեկն էլ համաձայն չի: Տասնյակ դժվարություններ կան: Եվ հետո, մի գյուղապետը ինչպե՞ս է հասցնելու այդքան գյուղերով զբաղվել, ինչպե՞ս է առանձնացնելու տարբեր գյուղերի խնդիրները և հասցնի լուծել դրանք: Ամեն գյուղ մի խնդիր ունի՝ գարնանային աշխատանքներ, առուների մաքրում և այլ հարցեր: Ո՞ր գյուղին է հանձնարարականներ տալու, որտե՞ղ է հետևելու, որ դրանք կատարվեն: Ես չեմ հասկանում, թե դա որքանով է հնարավոր»,-ասաց համայնքապետը՝ հավելելով. «Որ գյուղը խոշորացման արդյունքում դառնա կենտրոն, նա էլ կշահի, իսկ մնացած գյուղերը կմնան որպես օբա՝ տեղ, որտեղ ոչ մի բան չկա, և մարդիկ միայն անասնապահությամբ են զբաղվում: Հետևաբար ավելի լավ է, որ մենք գնանք սարեր մեր անասունները պահենք, քան մնանք գյուղում և նման պրոցեսների ականատես լինենք»:
Մկրտչյանի խոսքով՝ գյուղից մի քանի ընտանիք աշխատում է գյուղապետարանում, դրանով իր ընտանիքի հոգսերն է հոգում, բայց խոշորացման արդյունում այդ 8 ընտանիքներն էլ կզրկվեն այդ միջոցներից:
Մկրտչյանը նշեց, որ երբ եկել են իրենց իրազեկելու խոշորացման մասին, իրենք բոլորը բանավոր ասել են, որ դեմ են, բայց գրավոր որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել կառավարությանը: Չնայած համոզված են, որ ներկայացնեին էլ, որևէ արդյունք դա չէր ունենա, քանի որ արդեն նման փորձ կա: Նախկինում էլ բոլորը դեմ էին, գյուղացիները աղաղակում էին, որ համաձայն չեն, բայց ոչ ոք նրանց ձայնին ականջալուր չեղավ:
«Համայնքները խոշորացրին, հիմա էլ անցան դպրոցներին, դպրոցներն են փակում, օպտիմալացնում, երեխաներին գյուղեգյուղ գցում՝ առանց դրա հետագա հետևանքները հաշվի առնելու: Այս ծրագրի արդյունքում մի քանի տարի անց գյուղերում մարդ էլ չի մնա: Բոլորն արդեն սկսել են իրենց գլխի ճարը տեսնել»,- նկատեց գյուղապետը:
Խոշորացմանը դեմ են նաև Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: Համայնքապետ Արծրունի Իգիթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դեմ են խոշորացմանը:Եվ հետո, նրա խոսքով, ճիշտ չի մեկնաբանվում ծրագիրը: Ներկայացվում է համայնքների խոշորացում, բայց ավելի շատ խոսքը կառավարման խոշորացման մասին է: «Իմ անձնական կարծիքով՝ Ախուրյանը մեծ համայնք է, կայացած, ամեն ինչ ունի, բոլոր գործառույթները կատարում է, և լրացուցիչ ոչ մի ծրագրի, ենթակառուցվածքների անհրաժեշտություն չունի, որը կտա խոշորացումը: Մենք դեմ ենք»,- ասաց համայնքապետը:
Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ են գործընթացից, այն ունի իր դրական և բացասական կողմերը: Համայնքապետի կարծիքով՝ ծրագրի դրական կողմերն ավելի շատ են: Մասնավորապես, հիմա փոքր համայնքների վրա գումարների փոշիացում է գնում, իսկ եթե խոշորացում լինի, գումարները կկենտրոնացվեն, և ավելի լավ կլինի:
«Բայց բացասական կողմեր էլ կան, մարդիկ դեմ են, մտածում են՝ խնդիրներ կլինեն, տեղեկանքների հարցում դժվարություններ կլինեն, և մարդիկ գյուղեգյուղ կընկնեն, բայց հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Ծրագիրը պետք է իրականացվի, որ նոր տեսնենք՝ ինչ թերություններ ունի»,- ասաց նա:
Եղոյանի խոսքով՝ դժգոհողները հիմնականում փոքր համայնքի համայնքապետերն են, քանի որ հիմա փոքր համայնքները ծառայություն մատուցելու տեսակետից շահեկան վիճակում են, իսկ խոշորացման արդյունքում միջոցները պետք է կենտրոնացվեն կենտրոնում, և այնտեղից միջոցներն ու ծրագրերը բաշխվեն մյուս համայնքներում:
Դժգոհող և համայնքների խոշորացմանը դեմ համայնքապետերի և գյուղացիների մեծ թիվ կար նաև Տավուշի մարզում: Այստեղ էլ համայնքապետերը նույնն էին պնդում, որ գյուղապետը քաջածանոթ է իր գյուղի խնդիրներին, կարողանում է այսրոպեական լուծումներ տալ, իսկ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն իսկ խոշորացված համայնքների կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվել: Ոչ մի լրացուցիչ ծրագիր չի իրականացվել, ոչ մի խոշորացված համայնք ոչ մի օգուտ դեռ չի ստացել:
«Մենք մեր կոլեգաներից հարցնում ենք, իմանում ենք, թե ինչ է տվել այդ խոշորացումը, բայց դեռ ոչ մի ոգևորող արձագանք, պատասխան չենք ստացել: Ոչ մի բան էլ չի փոխվել: Մենակ գյուղապետերին փոխարինել են նրանց ներկայացուցիչները, համայնքապետարանից որոշ մարդկանց ազատել են գործից ու վերջ: Սա է: Իսկ սրա համար չարժե գնալ նման փորձության»,- նշեցին Տավուշի մարզի որոշ համայնքապետեր:












































