Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի գովաբանել է կացնով մարդասպանություն գործած Ռամիլ Սաֆարովին՝ որպես հերոսի և երդվել «վերադարձնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը հաստատել է, որ «մի օր յուրաքանչյուր ադրբեջանցի կարող է բնակվել Երևանում, Զանգեզուրում և այլ տարածքներում, որոնք հանդիսանում են Հայաստանի մաս»:
Մասնավորապես, այսպես կոչված 1918 թվականի ջարդերին նվիրված Ցեղասպանության թանգարանի բացման միջոցառմանը Ալիևն ասել է, որ «Ադրբեջանի պետական դրոշը կծածանվի Շուշիում, Ստեփանակերտում, և որ ապագայում ադրբեջանցիները կապրեն իրենց պատմական հողերում»: Ընդ որում, որպես ադրբեջանական պատմական հող նա առանձնացրել է Երևանն ու Զանգեզուրը:
Ալիևի «բոցաշունչ» ելույթից դուրս չի մնացել նաև հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովը: Չնայած Սաֆարովին հերոսացնելու հարցում Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին ու Ալիևի գործողությունների դատապարտումներին՝ Ալիևը նշել է, որ նույնիսկ այսօր ինքը կարող է հաստատապես ասել, որ Ադրբեջանը տուն է վերադարձրել իր սպային, տվել ազատություն ու «արդարություն հաստատել»: «Բայց նայեք համաշխարհային մամուլին, միջազգային կազմակերություններին, որքան անհիմն մեղադրանքներ են նրանք հնչեցրել Ադրբեջանի դեմ»,-նեղսրտել է Ադրբեջանի նախագահը:
Նա շեշտել է, որ «բոլոր գործոնները, ներառյալ տնտեսական ու ռազմական, ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:
«Կգա ժամանակ, երբ մենք կապրենք այդ հողերում: Ես համոզված եմ դրանում»,- ասել է Ալիևն ու կոչ արել Ադրբեջանի ժողովրդին քայլեր ձեռնարկել՝ «մոտեցնելու այդ սուրբ օրը»:







































