«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն մեկ տարի ժամկետով ռադիոակտիվ նյութեր արտահանելու լիցենզիա կստանա:
Պատճառն այն է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի՝ նեյտրոնային հոսքի ազդեցությամբ պայմանավորված փոփոխությունների ուսումնասիրման համար, ռեակտորի մեջ տեղադրված են եղել մետաղյա նմուշներ, որոնք այժմ պետք է ուղարկվեն Նիդերլանդներ, դրանց հետազոտության անցկացման համար:
Հետազոտման արդյունքները կօգտագործվեն 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վիճակի վերլուծության ու գնահատման և ռեակտորի հետագա աշխատանքի հնարավորության մասին որոշում կայացնելու համար:
Կառավարությունը կորոշի ռադիոակտիվ նյութեր արտահանելու լիցենզիա տրամադրել ՀԱԷԿ-ին առաջիկա` սեպտեմբերի 19-ի նիստին: Հիշեցնենք, կառավարության վերջին նիստին ատոմակայանը միջուկային նյութերի արտահանման լիցենզիա է ստացել «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում գտնվող 7 հատ միջուկային վառելիքի հավաքվածքներն արտահանելու համար:








































