ԵԱՏՄ պայմանագրի հիմնական դրույթի նպատակը անդամ երկրների միջև աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղաշարժ ապահովելն է: «ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հարկային և մաքսային համակարգերի միասնականացման կամ ներդաշնակեցման շրջանակներում» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը:
«Մեր նպատակը երկրների սուվերենությունն ապահովելը չէ, բոլոր երկրների տնտեսությունները մեկ հարթության վրա բերելը չէ, այլ ֆինանսական շուկաները և հարկային քաղաքականությունները ներդաշնակեցնելն է: Մեր հիմնական նպատակը տնտեսավարող սուբյեկտների աշխատանքը դյուրացնելն է»,-ասաց նա:
Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ իրենք մոնիթորինգի տակ են պահում երկրների կողմից վարվող քաղաքականությունը և ինչ-ինչ խնդիրների վերհանման դեպքում դիմում են անդամ երկրներին դրանք՝ վերացնելու առաջարկով:
«Այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկն անդամ երկրների վարչական մարմինների տեղեկատվության փոխանակումն է: Կարևոր է նաև մեկ պատուհանի գործընթացի ներմուծումը: Դրա վերջնական նպատակն այն է, որ մաքսային սահմանները հատելու ժամանակ մարդիկ անցնեն մեկ պատուհանի սկզբունքով: Այս պարագայում սահմանը հատելը կտևի րոպեներ»,- նշեց Տիգրան Դավթյանը՝ հույս հայտնելով, որ 2018-19 թվականներին արդեն հնարավոր կլինի ավարտել բոլոր գործընթացների թվայնացման աշխատանքները:








































