Թուրքիայի իշխանությունները ծրագրում են օտարերկրյա զբոսաշրջիկների համար հանգստավայրերում անվտանգ սննդի վերաբերյալ ցուցումներ մշակել, հաղորդում է ITAR-TASS-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Օզգյուր Օզասլանը՝ մեկնաբանելով հանգստավայրերից մեկում ռուս զբոսաշրջիկների թունավորման դեպքը:
«Մենք հասկանում ենք, որ պետք է շատ աշխատենք՝ զբոսաշրջիկների ինքնազգացողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար»,- ընդգծել է պաշտոնյան:
«Պատահում է նաև, որ Թուրքիա եկող հյուրերն այնքան էլ ծանոթ չեն լինում տեղի խոհանոցին և այնքան էլ ուշադիր չեն վերաբերվում այն բանին, թե ինչ են ուտում»,- ասել է նա՝ հավելելով, որ այն հյուրանոցների ստուգումներից հետո, որտեղ արձանագրվել են դեպքերը, ցուցումներ կմշակվեն Թուրքիայում սնվելու մշակույթի մասին:
Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները տեղի հյուրանոցներին կպարտավորեցնեն այդ մասին տեղեկացնել զբոսաշրջիկներին:







































