Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մտադիր են պատժել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են հայտնում Կատարի քաղաքականության հետ, և նրանց դատապարտել ազատազրկման մինչև 15 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է Gulf News թերթը՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազին:
«Խիստ ու վճռական միջոցներ կձեռնարկվեն նրանց նկատմամբ, ովքեր համերաշխություն են հայտնում կամ օբյեկտիվորեն չեն վերաբերվում Կատարին, ինչպես նաև նրանց նկատմամբ, ովքեր դեմ են արտահայտվում ԱՄԷ-ի դիրքորոշմանը»,-հրատարակությունը մեջբերել է ԱՄԷ-ի գլխավոր դատախազ Համադ Սայիդ աշ Շամսիի խոսքը:
Բացի բանտային կալանքից, իրավախախտներին տուգանք է սպառնում 500 հազար դիրհամի (մոտավորապես 135 հազար դոլարի) չափով:











































