Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ-մայոր Յաիր Գոլանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարող է պահպանել իշխանությունը մոտ ապագայում՝ նույնիսկ կորցնելով վերահսկողությունը երկրում, հաղորդում է Interfax-ը:
«Նա կմնա մի քանի տարի: Չեմ տեսնում այն ուժը, որը կկարողանա նրան տապալել վաղը կամ վաղը չէ մյուս օրը» ,- ասել է Գոլանը, որը ներկայում Սիրիայի հետ սահմանի վրա զինված ուժերի հրմանատարն է:
Գեներալի կանխատեսումների համաձայն՝ Ալ-Ասադի բանակն ի վիճակի է զսպել ապստամբների գործողությունները:
«Սիրիան կարող է մեզ վնաս պատճառել, կարող է լրջորեն անհանգստացնել, սակայն ի վիճակի չէ լուրջ ցամաքային արշավ սկսել Իսրայել պետության դեմ»,- ասել է նա՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ի ռազմական հարվածների դեպքում Սիրիան կարող է հարձակվել Իսրայելի վրա:
Գոլանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարական զորքերը, չնայած հաջողություններին, երկու տարվա ընթացքում կրել են զգալի կորուստներ՝ մինչև 15 հազար մարդ:












































