Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանում լայն չափերի հասնող արտագաղթի տեմպերը նվազեցնելու նպատակով մշակել է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը: Սեպտեմբերի 18-ին Երևանում ծրագրային դրույթների քննարկմանը մասնակցեցին և իրենց առաջարկներով հանդես եկան ազգագրագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ:
ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ծրագիրը մշակվել է ՀՅԴ ԳՄ ստեղծած հատուկ հանձնախմբի կողմից, որում հիմնականում եղել են տնտեսագետներ, երիտասարդներ, ծրագրի մշակման ժամանակ նաև մի շարք սոցիոլոգների, ժողովրդագիրների, ազգագրագետների նյութեր են օգտագործվել: Կատարված վերլուծությունները, ներկայացնելով արտագաղթի ծավալները, փաստում են, որ երկրից հեռանալ ցանկացողների թիվը չափազանց մեծ է. 1990-2012 թթ. երկիրը լքել են 900 000 քաղաքացիներ: «Արտագաղթի հիմնական պատճառներն են աշխատանք և բավարար ապրուստ չունենալը, արդարության նկատմամբ հավատի բացակայությունն ու հեռանկար չտեսնելը։ Շատ իշխանավորներ նշում են, որ հայի համար սովորական բան է արտագաղթելը: Մենք արտագաղթը կասեցնելն իրատեսական չենք համարում, սակայն տեմպերի նվազեցումն իրատեսական դաշտում է: Կարծում եմ՝ արտագաղթն ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների շարքին է դասվում»,- ասաց Մինասյանը:
Վերջինս համոզմունք հայտնեց, որ արմատական բարեփոխումներ նախատեսող յոթ առաջնահերթ գործողությունների ՀՅԴ պլատֆորմի իրագործումը թույլ կտա ձևավորել նոր որակի քաղաքական վերնախավ: Իբրև առաջնահերթություն՝ նշվում է բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը. պաշտոնատար անձը պետք է գործի թափանցիկ և հաշվետու լինի հանրությանը, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդներին քաղաքական ու կառավարման համակարգում ինքնադրսևորման լայն հնարավորություն պետք է տալ, ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ, հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները՝ խրախուսող: Առաջարկվում է վերանայել տուրքի, տուգանքի, պարտադիր այլ վճարների անվան տակ հօգուտ մասնավորի դրամ կորզելու գործելաոճը, սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, կրթությունը դարձնել որակյալ և մատչելի, ապակուսակցականացնել կրթական համակարգի ղեկավարումը, ապահովել յուրաքանչյուր քաղաքացու՝ նվազագույնից ոչ ցածր եկամուտ և բնակտարածք ունենալու իրավունքի իրացումը:
ՀՅԴ պլատֆորմն առաջ է քաշում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի կիրառումը՝ սկսելով ազատամարտիկներից և նրանց ընտանիքներից, ինչպես նաև պահանջում է վերացնել անպատժելիությունը, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցում, դիմագրավել հակահայկական քարոզչությանը, ձևավորել Հայաստանում արժանապատիվ ապրելու համոզում ու ազատ քաղաքացու կերպար:
««Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի նշված ուղղությունները ներառում են կոնկրետ քայլեր: Ծրագրի արդյունավետ գործադրման երաշխիքը հասարակության լայն համախոհությունը, պահանջների բյուրեղացումն ու կազմակերպվածությունն է։ Պատասխանատվությունը պետք է ստանձնեն քաղաքական իշխանությունից սկսած մինչև եկեղեցին ու մտավորականությունը»,- ասաց ՀՅԴ անդամը: Նրա համոզմամբ՝ էթիկայի հանձնաժողովն, ըստ էության, ձևական կառույց է և պիտի վերածվի հակակոռուպցիոն մարմնի՝ իր բոլոր լիազորություններով:
Մինասյանը վստահ է՝ պահի լրջությունը պահանջում է մեկտեղել բոլորի ուժերը, ցուցաբերել կամք և վճռականություն, ձեռնարկել գործողություններ՝ վերականգնելու ապագայի նկատմամբ հավատը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































