Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասին՝ նշելով, որ չնայած դանդաղ, սակայն բանակցություններն ընթանում են. «Հակոբն իրոք գիշերային պայմաններում է մոլորվել և անցել սահմանը: Դրանից հետո մենք համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկել նրա վերադարձման հարցին դրական ընթացք տալու համար»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակցությունների հիմնական խոչընդոտը պետական կապի բացակայությունն է Ադրբեջանի զեկավարության հետ, այդ պատճառով դա արվում է միջնորդավորված: «Միջազգային կազմակերպություններն իրենց առջև դրված խնդիրները կատարել են. մի քիչ դանդաղ ընթացք է եղել այն պատճառով, որ Ադրբեջանում տեղակայված Կարմիր խաչի նեկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել անմիջապես հանդիպել Հակոբին: Մինչև այսօր նամակագրություն իրականացվում է, և մենք պայքարում ենք, որ նա վերադառնա Հայաստան»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հայտարարությանը, թե Հակոբն ուզում է երրորդ երկիր գնալ, նախարարը պատասխանեց, որ դա իրենք Հակոբից չեն լսել, ընդամենը խոսակցություն է, և ինքը պաշտոնապես հայտարարել է, որ Հակոբի նկատմամբ երբևիցե քրեական հետապնդում չի իրակականցվի, ինչպես չի իրականացվել սխալմամբ սահմանն անցած այլ գերիների նկատմամբ:











































