Adobe ընկերությունը կստեղծի «խելացի փետուր» և թվային քանոն, որոնք համատեղելի են iPad-ի հետ: Մտադիր են նոր մշակումները ներկայացնել 2014-ի առաջին կեսին: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական բլոգում, նախագծի շուրջ Adobe-ի հետ համագործակցում է Adonit ընկերությունը:
«Խելացի փետուրը» ստացել է Project Mighty, իսկ թվային քանոնը՝ Project Napoleon անվանումը: Երկու սարքերն էլ պլանշետին միանում են Bluetooth-ի միջոցով:
«Մենք վստահ ենք, որ կարող ենք թվային ստեղծարարությունը դարձնել ավելի հասանելի և ավելի բնական»,- նշել են Adobe-ում:
Ինչպես հիշեցնում է The Next Web-ը, սարքերի կոնցեպցիան ներկայացվել էր 2013-ի մայիսին, սակայն ընկերությունը միայն այժմ է հայտարարել նախագծերի իրականացման մասին:











































