Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է շրջագայությունները եվրոպական մայրաքաղաքներում: Չնայած այն բանին, որ օրերս Հայաստան էր ժամանել Շտեֆան Ֆյուլեն և հայտարարել էր, թե Հայաստանից չեն հրաժարվելու, այնուհանդերձ՝ ակնհայտ է, որ պաշտոնական Երևանի համար դեռ չի լուծվում Եվրամիության հետ հարաբերությունների գլխավոր խնդիրը, ինչի հետևից էլ Էդվարդ Նալբանդյանը շարունակում է եվրոպական վազքարշավը:
Բանն այն է, որ Մաքսային պատմության այս ողջ համապատկերում կարծես զգալի թյուրըմբռնում կա տեղի ունեցածի բուն խնդրի վերաբերյալ: Բանը բոլորովին այն չէ, որ Հայաստանը ներկայում կանգնած է Ասոցացման համաձայնագրի տապալման փաստի և այստեղ ինչ-որ ելքեր գտնելու անհրաժեշտության առջև, հատկապես որ Բրյուսելը հստակ ասում է՝ եթե Երևանն իրավական որևէ տարբերակ առաջարկի, ապա իրենք սիրով կքննարկեն դա և կդիտարկեն դրա հավանական համատեղելիությունը Մաքսային միության հետ:
Իրավիճակը շատ ավելի խորն է: Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների ձևաչափը չէ, որ դրել է կասկածի տակ: Ձևաչափն ինքնին տեխնիկական խնդիր է, այն կարող է չլինել, լինել այլ կերպ, լինել ավելի ուշ և այլն: Խնդիրն այն է, որ Երևանը տապալել է կարևորագույն աշխարհաքաղաքական մի գործընթաց, որում ներգրավվել էր սեփական կամքով, հավաստիացումներով, ստացել էր կարևոր քարտ-բլանշ: Իսկ նման հարցերում տապալումները սովորաբար չեն ներվում, ավելին՝ պատժվում են բավական խստորեն, որովհետև այստեղ միայն հասարակության խաբեության հարցը չէ, այլ համաշխարհային գործընթացները վտանգի ենթարկելու, հետևաբար նաև՝ համաշխարհային անվտանգության ոլորտում դեստրուկտիվ դեր ստանձնելու խնդիրը: Համաշխարհային անվտանգության խնդիրները միայն սպառնալից ահաբեկչություններով չէ, որ արտահայտվում են: Անվտանգության խնդիրներն ունեն բազում կողմեր և դրսևորումներ, որոնցից մեկն էլ ընդհանուր գործընթացում յուրաքանչյուր երկրի հատկացվող տեղի և դերի կամ եթե մարզական լեզվով ասենք՝ տակտիկական կարգապահության հարցն է:
Այսպիսով՝ Հայաստանը հանդես է եկել որպես տակտիկապես անկարգապահ խաղացող, և սա է գլխավոր վտանգը իշխանությունների համար և գլխավոր կորուստը Հայաստանի համար՝ որպես պետություն: Հարցը Մաքսային միությունը չէ և ոչ էլ Ասոցացման համաձայնագիրը, այլ հենց սա՝ որ Հայաստանը տապալել է իր ստանձնած դերը մի գործընթացում, որտեղ միայն Հայաստանի ճակատագիրը չէր որոշվում կամ լուծվում:
Եվ բնական է, որ առաջիկայի համար այս դերը պետք է հատկացվի այլ սուբյեկտի: Սա չի նշանակում, որ Հայաստանն այլևս նման դերի և նշանակության չի կարող հավակնել: Սակայն արդեն ակնհայտ է, որ սրա համար Հայաստանից առավել շատ ջանքեր կպահանջվեն, քան պահանջվեցին ներկայում:
Եվրոպական վազքը այս իրավիճակը փրկելու, Հայաստանի դերը պահելու համար է, որը Սերժ Սարգսյանի ու Նալբանդյանի մոտ ակնհայտորեն չի ստացվում: Իսկ նրանք գիտեն, որ Ֆյուլեի ժպիտներն ու բարեհամբույր պատասխանները քաղաքավարություն են, ոչ թե քաղաքականություն:
Քաղաքականության հետևից իրենք այսօր ստիպված են վազել՝ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ գտնվում էին դրանում և ըստ էության՝ հեռանկարային դիրքերում:









































