Իսրայելի իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ կողջունեին իշխանությունից Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հեռանալը: Այս մասին Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը:
Դիվանագետի խոսքերով՝ ապստամբների (ներառյալ «Ալ-Քաիդա»-ի գրոհայինների) հաղթանակն ավելի քիչ չարիք կլիներ, քան ներկայիս սիրիա-իրանական դաշինքը:
«Ամենասկզբից մենք ասել ենք, որ Բաշար Ալ-Ասադը պետք է հեռանա: Ավելի լավ է՝ վատ տղաներ առանց Իրանի հետ կապերի, քան նրանց հետ» ,- ասել է դեսպանը:
Միևնույն ժամանակ Օրենն ընդգծել է, որ Իսրայելի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ մարդիկ, որոնք կարող են փոխարինել Ալ-Ասադին, ոչ մի դեպքում իր երկրի բարեկամները չեն:
Նա նաև հայտարարել է, որ սիրիական հակամարտությունում Իսրայելն ունի իր սեփական «կարմիր գծերը», որից այն կողմ իր երկրին թույլ չի տա դուրս գալ: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ խոսքը ոչ թե քիմիական զենքի կիրառման, այլ այդ զենքը «Հըզբոլլահ»-ին կամ ահաբեկչական այլ խմբավորմանը փոխանցելու մասին է:
«Եթե դա տեղի ունենա, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- նշել է դիվանագետը:
Անդրադառնալով տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների թեմային՝ իսրայելցի դիվանագետը հայտարարել է, որ այժմ իր երկրի շահերը, ինչպես երբևէ, համընկնում են Պարսից ծոցի արաբական երկրների շահերին, որոնք դեմ եմ Իրանին և աջակցում են սիրիական ընդդիմությանը:






































