«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործը ծանր փորձություն է դարձել իրավական համակարգի՝ քննիչ-դատավորների, նույնիսկ փաստաբանների համար: ԱԱԾ քննիչները շուրջ 1 տարի տառապեցին՝ փորձելով նյութ հավաքել նրա դեմ, ծաղկաքաղ անելով տարբեր գործերից՝ էլիտար շենքի շինարարությունից մինչև Բաժբեուկ-Մելիքյանի կորած նկարներ:
Այնպես, որ ՔԿՎ նախկին պետը մի պահ ստիպված է եղել հրաժարվել ցուցմունք գրելուց՝ պահանջելով, որ իրեն հարցաքննեն մեկ մեղադրանքի շուրջ: Ի վերջո, 2 տարբեր մեղադրանք կցել են իրար՝ սպանության նախապատրաստություն և խոշոր չափերի խարդախություն, ապա գլխացավանքը փոխանցել դատավորներին:
2 անգամ գործը դատարանից դատարան է տեղափոխվել: Ի վերջո, Կենտրոնի դատարանը, որն արդեն ուներ մի անհարմար գործ՝ Հայրիկյանի մահափորձը, Հովհաննիսյանի գործը «ցրեց» Արաբկիրի դատարանի վրա, որն այս գործի շրջանակում մի օր ստիպված է «Սամոշ» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակիչների իրավաքաղաքացիական վեճում խորանալ, մյուս օրը՝ դատապարտյալ Սլոյանի չկայացած սպանության: Ի դեպ, Սլոյանը դատարանում ասել է, որ իրեն ոչ ոք չի ցանկացել սպանել: Փաստաբանները նույնպես կրակն են ընկել: Երեկ արդեն 7-րդ փաստաբանը փոխեց Սամվել Հովհաննիսյանը, այն դեպքում, երբ ընդամենը 3 դատական նիստ է եղել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:






































