1991թ-ից սկսած՝ կադրերի հարցում դրսևորովող վերաբերմունքն անփոփոխ է, իրավիճակները կարող են փոխվել, անուններն ու պաշտոնները կարող են փոխվել, բայց մոտեցումն անփոփոխ է, մեզ մոտ միշտ անարժանիները կոնֆորտային վիճակում են, իսկ արժանիները՝ դիսկոմֆորտային: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության կազմն ամբողջացել է, և մասնավորապես քննադատության է արժանացել Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Կարեն Բոթոյանի նշանակումը:
«Մենք կակոկրատական հոգեբանություն ունենք, այսինքն՝ անարժանիներին ենք գնահատում, լինի ընդդիմադիր, դիմադիր թևերում, թե քաղաքացիական թևում: Քանի որ մեզ մոտ անարժանիներն ավելի պահանջված են, մենք դարձել ենք անհաջողակ՝ տարատեսակ հարցերում, որովհետև անարժանիների դրսևորած միակ արդյունքը անհաջողությունն է, այսինքն՝ մենք դեռ անհաջողությունների ճիրաններում ենք և անհաջողակների գերի»,- ընդգծեց կառավարման փորձագետը:
Անդրադառնալով հարցին, թե այս կառավարությունը կշարունակի պաշտոնավարումը նաև 2018-ից հետո, թե ոչ, Հ. Մեսրոբյանը նշեց, որ թե՛ կադրային, թե՛ կառավարման ոճի, թե՛ կառուցվածքային շեշտակի փոփոխություններ չեն լինի, կլինեն որոշ կոսմետիկ փոփոխություններ, բայց, ըստ էության, խաղաքարտերը կբացվեն 2018-ին:
Հ. Մեսրոբյանը նշեց, որ մտահոգիչ է այն, որ մեզանում չկա իրական անկեղծ մոտեցում՝ հզոր պետություն դառնալու համար: Նրա խոսքով՝ քանի դեռ մենք ընտրություն ենք կատարում վատի և վատագույնի միջև, մենք չենք ուզում և չենք էլ ունենա հիմնավոր փոփոխություն. «Մենք թամադաների հոգեբանություն ենք ձեռք բերել, միայն շատ լավ մանր-մունր կենացներ ենք ասում… Մենք իրոք դեռ չենք զարգանա»:
Ըստ փորձագետի՝ մարդը երբ որ ինչ-որ ոլորտի կառավարման պատասխանատվություն է ստանձնում, պետք է սովորի, հետո նոր ստանձնի: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը փորձնական առնետ չէ, որ նրա վրա փորձեր կատարեն, անհրաժեշտ են արժանի՝ պատրաստ և ունակ կադրեր:
Մանրամասները՝ տեսանյութում:









































