Կիրակի Բավարիայի խորհրդարանում՝ լանդտագում անցկացված ընտրությունների արդյունքներով՝ համոզիչ հաղթանակ է տարել Քրիստոնեա-սոցիալական միությունը, որը մտնում է երկրի իշխող կոալիցիայի մեջ՝ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի Քիստոնեա-դեմոկրատական միության և Ազատ ժողովրդավաական կուսակցության հետ: Մյունխենում հրապարակված միջանկյալ պաշտոնական տվյալներով՝ Քրիստոնեա-սոցիալական միությունը հավաքել է ձայների 47.7 տոկոսը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերի գլխավորած կուսակցությունը կրկին կարող է կառավարել Բավարիան՝ առանց որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու: Ազատ դեմոկրատները Բավարիայի լանդտագում նրա նախկին կոալիցիայի գործընկերներն են եղել: Նրանք հավաքել են 2.2 տոկոս ձայն՝ նույնիսկ չհաղթահարելով 5 տոկոսի շեմը:
Սոցիալ-դեմոկրատները ստացել են ընտրողների 20.6 տոկոսի աջակցությունը: «Կանաչների» կուսակցությունը կարողացել է ստանալ ձայների 8.9 տոկոսը: Ձախ կուսակցությունը ստացել է 2.1 տոկոս, իսկ Ծովահենների կուսակցությունը՝ 2 տոկոս: Վերջինս ստեղծվել է համացանցային հասարակության ներկայացուցիչներից, ովքեր դեմ են հանդես գալիս իշխանական կառույցների կողմից քաղաքացիների անձնական տվյալների հավաքմանը:
Գերմանիայի խոշորագույն դաշնային հողում անցկացված քվեարկությունը կարելի է պայմանականորեն համարել սեպտեմբերի 22-ին երկրում կայանալիք համընդհանուր խորհրդարանական ընտությունների փորձը: Բանն այն է, որ Բավարիայում Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ներկայացված չէ: Սպասվում է, որ առաջիկա դաշնային ընտրություններին ձայների մեծամասնությունը հենց այս միությունը կհավաքի:







































