Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Օհանյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Տեր-Արսենյանի և Ալվարդ Երիցյանի գործի դատավարությունը:
Ամբաստանյալները մայր և որդի են:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Տեր-Արսենյանն իր հարևանուհի Նիրվարդից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս, ներկայացել որպես քաղաքապետարանի աշխատակից և հայտնել, թե զբաղվում է Նիրվարդի տան օժանդակ շինությունների սեփականաշնորհման դիմումով:
«Քաղաքապետարանի աշխատակիցը» «բարեկամաբար» տեղեկացրել է, թե սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է վճարումներ կատարել քաղաքապետարանում, բայց ավելի արդյունավետ կլինի, եթե այդ գումարները քաղաքացուհին փոխանցի իր միջոցով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Արթուր Տեր-Արսենյանը հարևանուհուց հափշտակել է 5 միլիոն 842 հազար 850 դրամ գումար:
Արթուրի մորը՝ Ալվարդ Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր տրամադրած տեղեկության կեղծ լինելը, 2011 թվականի օգոստոսի 12-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հանցագործության մասին գրավոր հաղորդում է տվել ու հայտնել, թե 2008 թվականի սկզբներին հարևանուհի Նիրվարդը իր որդի Արթուր Տեր-Արսենյանին ամսական 10 տոկոս տոկոսադրույքով տվել է 5 հազար դոլար:
Միջհարևանական հին ու նոր «հաշիվների» համար Արթուր Տեր-Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ալվարդ Երիցյանին՝ 333 հոդվածի 1-ին մասով:






































