ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրակի ստացել է քիմիական զենքի հարցերով Սիրիայում ուսումնասիրություններ անցկացրած փորձագետների զեկույցը: Պան Գի Մունն այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կներկայացնի երկուշաբթի՝ հայտնում է France 24-ը:
Ուրբաթ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ չիմանալով, որ իր խոսքերը ձայնագրվում են, արդեն հայտարարել էր, որ փաստաթուղթը կհաստատի օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառումը: Համարվում է, որ զեկույցն այդպես էլ պատասխան չի տա այն հարցին, թե հակամարտող կողմերից ո՞րն է կիրառել այն՝ Բաշար Ասադի զորքեր՞ը, թե՞ ընդդիմությունը:










































