«Հայաստան-ԵՄ բանակցությունները երեքուկես տարի ընթանում էին, և Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեին Եվրամիության պահանջները՝ առ այն, որ Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում Հայաստանն իրավունք չի ունենա նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, հետևաբար (ինչպես և երևում է պարոն Ֆյուլեի խոսքերից) այս հայտարարությունը անակնկալ էր ոչ միայն հայ հասարակության, այլ նաև Եվրոպայի, Եվրամիության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտնի հայտարարությունից հետո Հայաստան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցի ընթացքում արված հայտարարություններին։
«Երբ մի քանի տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց ակտիվորեն զբաղվել Մաքսային միության շարքերի ընդլայնման քայլերով և Բելառուսին ու Ղազախստանին ընդգրկելուց հետո անցավ Հայաստանին, մեր իշխանությունները պատճառաբանում էին, որ Հայաստանը չի կարող դառնալ այդ միության անդամ, որովհետև չունի ընդհանուր սահման: Մինչև վերջերս էլ վարչապետը եվրոպական մամուլում մանրամասն բացատրում էր, թե ինչու Հայաստանը չի կարող ՄՄ անդամ դառնալ․․․
Հենց այդ ժամանակ էր, որ պարոն Ֆյուլեն պաշտոնապես հայտնեց, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագումը կանխում է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Հիմա, երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանը դառնալու է Մաքսային միության անդամ և չի հրաժարվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, դա նշանակում է իշխանությունները խախտում են Եվրամիության և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը»,- ասաց Գ. Համբարյանը:
Նա հավելեց, որ ԵՄ-ն մեր առաջ պայման էր դրել, որը Հայաստանը չիրականացրեց, և այն, թե հիմա ինչ են հայտարարում Հայաստանի իշխանությունները, արդեն երկրորդական է․ «Հիմա արդեն Հայաստանի որոշելով չէ՝ կա երկկողմանի համաձայնագրեր, և մեր իշխանությունները շատ լավ տեղյակ էին, թե ինչ պայմաններ է դնում ԵՄ-ն մեր դիմաց: Ասում են՝ մենք համաձայն ենք, ես նույնսիկ աբսուրդ կհամարեի, որ Հայաստանի իշխանությունները համաձայն չլինեին, որովհետև դա նախ կոռեկտ չէր լինի, երկրորդը՝ շատ անհարմար վիճակի մեջ կգցեր նույն Հայաստանի իշխանություններին, որովհետև այդքան բանակցելուց հետո հո չէի՞ն հայտարարի՝ համաձայն չենք»:
Իսկ Եվրամիության նախնական արձագանքերից, ըստ Համբարյանի, կարելի է ենթադրել, որ շատ զարմացել էին Սերժ Սարգսյանի քայլից․ «Հետո սկսեցին բացատրություններ տալ՝ ավելի մեղմել Հայաստանի վիճակը և խնդիրը բարդել Ռուսաստանի վրա, որ Հայաստանին պարտադրել են դառնալ Մաքսային Միության անդամ․․․ Կան նաև այլ արձագանքներ՝ պարոն Ֆյուլեի արձագանքի նման, որ բանակցությունները պետք է շարունակվեն, բայց արդյունքը չի կարող լինել լիարժեք պայմանագրի ստորագրումը, որովհետև ԵՄ-ին ձեռնտու չէ Մաքսային միության անդամ երկրի հետ պայմանագիր կնքել: Հասկանում եք՝ դա կխախտի իրենց ծրագրերը․․․ Հետո՝ կան պաշտոնյաներ, ինչպիսին Շվեդիայի արտգործնախարարը, որը կատեգորիկ հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է արգելափակի Հայաստանի հետ բոլոր բանակցությունները և չպետք է թույլ տա, որ Հայաստանը որևէ ձևաչափով ստորագրի»:
Քաղաքագետի դիտարկմամբ, եթե դա Հայաստանին թույլ տրվի, ապա ապագայում Ռուսաստանի ճնշման հետևանքով Մաքսային միություն գնացած մյուս երկրները ևս կարող են պահանջել, որ իրենց նույնպես զիջումներ արվեն:
Այս ամենի հետ մեկտեղ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ մեր պաշտոնյաները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի գոնե պահպանեն այն կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունը, որ ունեցել են մինչև հիմա․ «Այսինքն՝ եթե հանկարծ մեր իշխանությունները չկարղանան գոնե ինչ որ փաստաթուղթ ստորագրել վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում՝ դա կլինի մեր արտաքին քաղաքականության պարտություններից մեկը:
Հայաստանին ավելի ձեռնտու է «և-և»-ը, որովհետև մեզ պետք չէ վատթարացնել հարաբերություններն Արևմուտքի՝ ի դեմս Եվրամիության հետ, և ոչ էլ վատթարացնել մեր գլխավոր ստրատեգիական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ:
Միևնույն ժամանակ, հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները մոտակա ժամանակում Ռուսաստանի հետ կոնսուլտացիաների ընթացքում կհասկացնեն, որ ստրատեգիական գործընկերությունը չի նշանակում Հայաստանի ամբողջ արտաքին քաղաքականության ենթարկում Ռուսաստանի շահերին․․․ Դա արդեն Հայաստանին ձեռնտու չէ»:










































