Անչափահաս երեխաներին միայնակ մեծացնող բազմազավակ մայրերի համար Վանաձորում դժվար է աշխատանք գտնել, առավել ևս, որ չունեն մասնագիտություն կամ չեն տիրապետում որևէ արհեստի: Նրանց հիմնական եկամուտն այս դեպքում սոցիալական անապահովության նպաստն է և ժամանակ առ ժամանակ` օրավարձով վճարվող աշխատանքը՝ սպասարկման մասնավոր ոլորտում:
Արմինեն, իր 4 երեխաների հետ, Արջուտ գյուղից տեղափոխվելով Վանաձոր, վարձով է ապրում: «Մթերային խանութներում փորձ են ուզում, հագուստի խանութներում` երիտասարդ, աշխատավարձն էլ` չնչին. օրական 1000 դրամ են առաջարկում` առավոտից իրիկուն։ Բայց մի բան պետք ա ուտես, կամ պատրաստես, տանես, կամ ընդեղ մի բուլկի` 100 դրամ ծախսես, եթե մանավանդ մի քիչ հեռու ա։ Տրանսպորտը հանած՝ շատ քիչ գումար ա կազմում: Ես էլ խնամակալություն եմ անում կամ տուն եմ մաքրում: Օրինակ՝ էսօր ժամը 11.00-ից մինչև 3.30-ն աշխատել եմ, ամբողջ տունը մաքրելու համար 3000 դրամ են տվել, անցած անգամ չէր վճարել, հիմա միասին էդքան կազմեց: Նպաստ եմ ստանում, բայց դա չի բավարարում դպրոց հաճախող էրեխեքին` թե՛ հագուստի, թե՛ սնունդի: Ինչը էժան ա, ավելի շատ դա ենք առնում, ամեն ինչը չենք հասցնում, կան բաներ, որ նույնիսկ համը չեն տեսել էրեխեքը: Մսեղենը ամիսը 1 անգամ են ուտում, հացն ենք առնում, կարտոֆիլ, մակարոնեղեն ավելի շատ՝ ինչը որ էդ օրվա ճաշին անհրաժեշտ ա, էդքանը: Տան վարձը ամսական 15 հազար դրամ է, կոմունալ վճարումներն էլ առանձին` գազ, լույս ջուր, հեռախոս, մի 30 հազար վճարում ենք: Շատ մեծ բարեկամություն չունենք, բայց ինչքան էլ կան, ամենքը իրանց ընտանիքն ունեն, հոգսն ունեն: Էղել ա` հագուստով օգնել են` 1 հագուստ, 2 հագուստ, բայց ամեն անգամ ոչ մեկը չի կարա օգնի: Տունն էլ` քաղաքապետին դիմել ենք, խորհուրդ են տվել հանրակացարան գնալ, էրեխեքին էլ խնամքի կենտրոն հանձնել: Ես իմ կամքով չեմ համաձայնել, որովհետև չեմ կարա առանց էրեխեքի, ոչ էլ էրեխեքը` առանց ինձ: Ավելի լավ ա մի քիչ դժվարությունով, բայց իմ աչքի առաջ էղնեն իմ էրեխեքը»,- ասում է 4 երեխաների մայրը:
Դժվարությամբ իր 4 երեխաներին միայնակ մեծացնող Անահիտն էլ է ասում, որ երբևէ մտքով չի անցել նրանց մանկատուն տեղափոխել կամ գիշերօթիկ դպրոց: «Երեխան, եթե չունի հայր, մոր խնամքը պարտադիր ա երեխայի համար, ինչքան էլ դժվար էղնի, նեղ էղնի, երեխան պետք ա մեծանա մոր հետ: Իմ մտքով նույնիսկ չի անցել, որ տենց բան կարելի ա անել, որովհետև ես առանց իրանց չեմ կարա քնեմ, ուտեմ, ապրեմ: Ես ես չեմ լինի, եթե իրանք իմ մոտ չլինեն`4-ն էլ, բոլորն էլ: Դժվար ա, բայց՝ ինչ արած: Շատ ենք դժվարանում, վարձով ենք ապրում, նպաստը հերիքում ա ընդամենը սնվելուն, էդ էլ օրվա հաց ենք առնում ու ուտելու ինչ-որ բան: Խանութից վերցնում ենք, հավաքվում ա, մի որոշակի թիվ ա դառնում, կամաց-կամաց փակվում ենք, միանգամից չեմ կարում տամ: Փորձել եմ, հարսանիքներ եմ սպասարկել ռեստորաններում, ուղղակի ժամերը շատ ա, վճարը` քիչ. օրվա համար 2500 դրամ են տալիս, առավոտից մինչև գիշերվա 12-ը ոտքի վրա վազում, սպասարկում ես, ժամերի վրա բաժանած գալիս ա կոպեկներ: … Մտածելով քնում ենք, թե վաղը ոնց պետք ա էղնի»,-պատմում է բազմազավակ մայրը:








































