Հայաստանի գրողների միության նոր նախագահը կընտրվի առաջիկայում կայանալիք համագումարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձակագիր Նորայր Ադալյանը նկատեց, որ միությունը պիտի գոյատևի, դրա համար անհրաժեշտ է ՀԳՄ նախկին նախագահին արժանի փոխարինող:
«Ավելի քան տասը տարի Լևոն Անանյանը ղեկավարեց ՀԳՄ-ն, և շատ մեծ ներդրում ունի` իբրև միության նախագահ, մտավորական, հասարակական գործիչ, թարգմանիչ, գրող, հրապարակախոս: Նրա սկսած գործն այսօր շարունակելը և դժվար է, և անհրաժեշտ: Նա ստեղծեց ակտիվության մի մակարդակ, որը շատ անհրաժեշտ էր, սկսածը պիտի պահպանել, էլ չեմ ասում` զարգացնել և կատարելագործել»,- ասաց նա:
Ադալյանը դժվարացավ ասել` ինչպիսին պիտի լինի ՀԳՄ հաջորդ նախագահը: Նա նշեց, որ թեև գրական շրջանակներում ինչ-ինչ անուններ հոլովվում են, և դրանց մեջ կան նաև արժանավորներ, սակայն չկարողացավ և չցանկացավ ասել՝ ով պիտի լինի՝ չուղղորդելու համար գրական կարծիքը: «Դա ճիշտ չի լինի: Նոր նախագահը կընտրվի ՀԳՄ համագումարում` փակ գաղտնի քվեարկությամբ: Բացարձակ ասել՝ ով, ճիշտ և բարոյական չի լինի: Գրողները կհավաքվեն և կորոշեն ձայնն ում տալ, ով կարող է արժանվույնս շարունակել կատարված գործը»,- ասաց նա:
Ադալյանը կարծիք հայտնեց, որ գրողների համագումարը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Ի պատասխան հարցի` Երևանի գրողների միության և Հայաստանի գրողների միության միավորման անհրաժեշտություն կամ հնարավորություն տեսնո՞ւմ է` Ադալյանը նշեց. «Այդ հարցին ես և չեմ կարող, և չեմ ուզում պատասխանել»:
Բանաստեղծ Հենրիկ Էդոյանը նշեց, որ ՀԳՄ նոր նախագահի ընտրությունը կկատարվի կանոնադրության համաձայն: «Գրողների միության նախագահի պաշտոնին ակնկալում ենք տեսնել մեկին, ով լավ կաշխատի՝ այնպես, ինչպես Լևոն Անանյանը, կլինի աշխատասեր, կկարողանա օբյեկտիվ լինել, ընդհանուր վիճակը բարելավել: Բարդ իրադրություն է Գրողների միությունում՝ հոսանքներ, ուղղություններ, խմբավորումներ կան, պիտի լինի մեկը, որ կարողանա այդ բոլորի միջով ինչ-որ գիծ տանել, բայց չեմ կարող ասել՝ ով կլինի»,- ասաց նա:
Էդոյանը նկատեց, որ ՀԳՄ նոր նախագահը պիտի լինի մարդ, ում հավատում, հարգում են, ով փորձ ունի, կենսագրություն, իր անունը որևէ ձևով չի վարկաբեկել, ում նկատմամբ հավատ կա, հեղինակություն ունի: Այսուհանդերձ, պարզ չէ՝ ՀԳՄ նախագահը պարտադիր գրո՞ղ պիտի լինի, թե՞ ուղղակի գրական գործիչ: Էդոյանը մի բանում վստահ է` Լևոն Անանյանից հետո դժվար կլինի, քանի որ նա մարդ էր, ով բոլորին հասկանում էր, բոլորի հետ կարողանում էր շփվել:








































