Այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է, որը սակայն լինելով հերթականը, ըստ վիճակագրության, ամենևին էլ այդպիսին չէ բովանդակային իմաստով: Հենց միայն այն, որ հանրահավաքում ելույթ են ունենալու օրերս ազատ արձակված քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, արդեն իսկ զգալիորեն փոխում է հանրահավաքային պոտենցիալ մթնոլորտը, էներգետիկան: Սակայն խոսքը միայն էմոցիոնալ դաշտի մասին չէ:
Բանն այն է, որ շատ կարևոր է դառնում այն, թե ի՞նչ պրակտիկ բովանդակություն է ունենալու այսօրվա հանրահավաքը և ի՞նչ մեսիջներ է հղելու քաղաքացիներին, ի՞նչ շեշտադրումներով, ի՞նչ թիրախներով և ի՞նչ ժամանակահատվածի համար: Ընդդիմության հայտարարած ներքաղաքական գործընթացի առաջին փուլը ավարտված է, և այժմ երկրորդ փուլի հարցն է, որը բավական զգալի սպասում է առաջացրել թե՛ ընդդիմության համակիրների և թե՛ ընդհանրապես հասարակական-քաղաքական դաշտի, փորձագիտական շրջանակների մոտ: Ի՞նչ է անելու Կոնգրեսը, ի՞նչ է ասելու հասարակությանը, ի՞նչ պահանջներ է ներկայացնելու իշխանությանը, արդյոք փոխվելո՞ւ է պայքարի դինամիկան:
Այդ հարցերի պատասխանները ստանալու համար մնացել է մի քանի ժամ, սակայն կարծես թե չկա նաև կանխատեսումների և կանխագուշակությունների փորձերի պակաս: Թերևս պարզ է մի բան` հասարակության, քաղաքացիների շրջանում կա բավականին մեծ անորոշություն, ընդ որում` օբյեկտիվ անորոշություն:
Ի վերջո, կա հասարակության մի զգալի մաս, որն անվերապահորեն հավատում և վստահում է ընդդիմության առաջնորդներին և չի կասկածում նրանց մարտավարության իրավացիությանը: Սակայն պետք է խոստովանել նաև ու պետք է նկատել, որ կա հասարակության, թերևս, ոչ պակաս մի զգալի մաս էլ, որը փորձում է դեռևս գլուխ հանել այն ամենից, ինչ կատարվում է դաշտում: Իսկ նրա համար գլուխ հանելը բավական բարդ է, որովհետև տեղեկատվական տարաբնույթ հոսքերը չափազանց մեծ են:
Ի վերջո, բոլոր մարդիկ չէ, որ նույն կերպ են մտածում և նույն նախատրամադրվածությունն ունեն: Կան շատ-շատերը, որոնք կարծիք են կազմում միայն այն ժամանակ, երբ ստանում են սպառիչ բացատրություններ, ընկալելի մեկնաբանություններ: Անտեսել հասարակության այդ խավին, կնշանակի ցուցաբերել քաղաքական անհեռատեսություն:
Հետևաբար, երևի թե պետք է առաջին փուլի ամփոփման շրջանակներում Հայ ազգային կոնգրեսի կարևոր աշխատանքներից մեկը լինի հասարակության այդ խավի ուղղությամբ աշխատելը, ներքաղաքական գործընթացի էությունն այդ խավի համար առավել հանգամանալից և պարզ բացատրելը: Քաղաքական ուժը երբեք չպետք է հոգնի հասարակությանը որևէ, թեկուզ ամենապարզ բանը հարյուրերորդ անգամ բացատրելուց: Իսկ այստեղ խոսքը գնում է տասնյակ հազարավոր քաղաքացիների մասին:
Սա շատ կարևոր բաղադրիչ է, որը թերևս պետք է ներքաղաքական գործընթացի երկրորդ փուլում արժանանա առանցքային նշանակության: Ի վերջո, քաղաքացիներն են ընդդիմության ամենաթանկ կապիտալը, և այդ կապիտալն ավելացնելը ցանկացած ընդդիմության համար պետք է լինի ռազմավարական կարևոր խնդիր:
Լուսանկարը` Օննիկ Կրիկորեանի






































