Ռուսական РБК-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին եռամսյակին Իրանը Թուրքիային հատկացրել է 1.8 միլիոն տոննա հում նավթ՝ դառնալով Թուրքիայի խոշորագույն նավթային մատակարար երկիրը։ Թուրքիան իր կարիքների վրա սպառվող նավթի 30 տոկոսը ստացել է Իրանից։
Ընդհանուր առմամբ, Թուրքիան իր նավթային կարիքների 90 տոկոսն ապահովում է ներկրումների միջոցով։ Այս տարվա առաջին եռամսյակին Թուրքիան ներկրել է 4,295,434 տոննա հում նավթ։
Բացի այդ, Իրանը գազային ոլորտում հանդիսանում է Թուրքիայի երկրորդ խոշոր մատակարար երկիրը (Ռուսաստանից հետո)։ Այս ամենից հետևում է, որ երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների հիմքում ընկած է էներգետիկ գործոնը։
Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 12 միլիարդ դոլար։
Նշվում է, որ ցայժմ Թուրքիայի խոշոր նավթային մատակարարը Ռուսաստանն էր, որն այժմ հայտնվել է երրորդ տեղում՝ իրենից առաջ թողնելով նաև Իրաքին։
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է, որ ԱՄՆ-ը ու Իսրայելը պատրաստվում են ուժային հարված հասցնել Իրանին։ Թուրքիան էլ ամեն գնով դեմ է հանդես գալիս դրան, քանի որ իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարի դեպքում այս պետությունը միլիոնավոր դոլարների կորուստ կկրի և վերոնշյալ էներգոմատակարարումները կհայտնվեն լուրջ վտանգի տակ։
Թուրքիայի այդ դիրքորոշման պատճառը բխում է ոչ վաղ անցյալի նրա պատմական փորձից. 1991 թվականին տեղի ունեցած Պարսից ծոցի առաջին պատերազմում Թուրքիայի կրած վնասները կազմեցին 50 միլիարդ ամերիկյան դոլար, իսկ 2003 թվականի Պարսից ծոցի երկրորդ պատերազմում` 80 միլիարդ: ԱՄՆ-ը փոխհատուցեց այդ վնասների միայն մի մասը:
Ներկայումս Թուրքիան ու Իրանը մտադիր են իրենց ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 20-30 միլիարդ դոլարի, ինչպես նաև 3.5-4 միլիարդ դոլարի ներդրում անել Պարսից ծոցի ափին գտնվող «Հարավային Փարսում», ուր կան հարուստ գազահանքեր: Չպետք է մոռանալ, որ տարեկան Թուրքիա է այցելում մոտ 2 միլիոն իրանցի զբոսաշրջիկ:
Սակայն վճռորոշ դերը պատկանում է նավթի ու բնական գազի համաշխարհային գների աճին, ինչից ամենաշատն է վախենում Թուրքիան: Կանխատեսվում է, որ Իրանին ռազմական հարված հասցնելու պարագայում նավթի ու գազի գները կարճ ժամանակահատվածում եռակի աճ կարձանագրեն, իսկ Հորմուզի նեղուցի փակվելու դեպքում ԱՄՆ-ը, Արևմտյան Եվրոպան ու Չինաստանը կզրկվեն այդ նեղուցով արտահանվող մերձավորարևելյան նավթի 40 տոկոսից:











































