«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
– Պարոն Հարությունյան, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հեռացավ իր պաշտոնից: Քանի որ նաև Ձեր անունն է շրջանառվում` որպես այդ պաշտոնի հավակնորդ, հնարավո՞ր է ցանկություն ունեք գլխավոր դատախազ դառնալու, և` Ձեզ նման առաջարկ արվե՞լ է:
– Կարծում եմ` անլուրջ խոսակցություններ են:
– Ինչո՞ւ, կարծում եք` Դուք չե՞ք համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին:
– Չէ՛, ես այդպես չասացի, ես ասացի` կարծում եմ, դրանք անլուրջ խոսակցություններ են:
– Այսինքն` Ձեզ որևէ առաջարկ չի եղել:
– Ո՛չ, մնան առաջարկ չի եղել, և չեմ էլ ակնկալում, որ նման առաջարկ լինի:
– Իսկ կա՞ որևէ թեկնածու, ում Դուք տեսնում եք այդ պաշտոնում:
– Մի քանի թեկնածուներ կան, ում ես տեսնում եմ, բայց նրանց անունները չեմ տա:
– Ասել է թե` Դուք ունեք ցանկալի թեկնածու:
– Ոչ թե ցանկալի, այլ ես կարծում եմ, որ կան մի քանի շատ արժանի թեկնածուներ:
– Պարոն Հարությունյան, հայտնի է, որ Ձեր հարաբերությունները դատախազության հետ լարված են եղել այն ժամանակ, երբ Դուք արդարադատության նախարար էիք: Նոր դատախազից ի՞նչ ակնկալիք ունեք: Ի՞նչ փոփոխություն նա պիտի բերի:
– Նախ` առաջին մասը, ես կարծում եմ, բացարձակապես ճիշտ չէ: Մենք ունեինք մասնագիտական բանավեճ, բայց դա չի նշանակում լարված հարաբերություններ: Իսկ նոր դատախազից ակնկալում եմ սահմանադրական լիազորությունները պատշաճ կատարելը դատախազության կողմից: Յուրաքանչյուր նոր գլխավոր դատախազ ունի իր ուրույն ձեռագիրը և հետք է թողնում Հայաստանի իրավապահ մարմինների պատմության մեջ: Ես ցանկանում եմ, որ նոր դատախազը թողնի իր ուրույն դրական հետքը այդ պատմության մեջ:
– Իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը թողե՞լ է այդ հետքը, և Դուք` որպես արդարադատության նախարար, թողե՞լ եք նման հետք` հատկապես հաշվի առնելով չբացահայտված մի շարք գործեր, դատավարություններ` հոկտեմբերի 27-ից, ապրիլի 12, մարտի 1 և այլն:
– Իմ մասին չեմ խոսի, ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանին, ես, այո, համարում եմ, որ նա թողել է իր հետքը:
– Բայց ի՞նչ հետք է թողել:
– Նա թողել է, իհարկե, իր… դրական հետք միանշանակ թողել է, իսկ յուրաքանչյուր ոք ունի իր թերությունները, չկա անթերի մարդ: Էնպես որ, թերությունների մասին խոսելը չեմ կարծում, որ նպատակահարմար է:
– Այսինքն` Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի գործերի չբացահայտված լինելը Դուք համարում եք թերությո՞ւն:
– Ես չեմ համարում, որ Ձեր ասածը համապատասխանում է իրականությանը և չեմ համարում, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ: Ես ցավում եմ, որ Մարտի 1-ը բացահայտված չէ, սակայն դա պայմանավորված չէ միայն դատախազի անձով:
– Սակայն, փաստորեն, համարում եք, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է:
– Ես համարում եմ, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է ամբողջովին:
– Պարոն Հարությունյան, այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ թե՛ գլխավոր դատախազը, թե՛ Դու Ձեր պաշտոնավարման տարիներին թողել եք այնպիսի հետք, որը դեռ երկար հիշվելու է և ոչ դրական իմաստով է հիշվելու: Այնպիսի հետաքննություններ, այնպիսի դատավարություններ, որոնք ոչ դրական իմաստով են հիշվելու հասարակության շրջանում:
– Գնահատականները տարբեր մարդկանց մոտ կարող են լինել տարբեր:
– Ձեր կարծիքով` կարևորը իշխանությա՞ն գնահատականն է:
– Ո՛չ, ես չասացի նման բան, ես ասացի` ուղղակի տարբեր գնահատականներ կարող են լինել:
– Իսկ Դուք Ձեզ գնահատված համարո՞ւմ եք այսօր իշխանության կողմից:
– Ոչ միայն իշխանության, նաև` հասարակության կողմից ես ինձ գնահատված համարում եմ:
– Պարոն Հարությունյան, Դուք նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ եք, գոնե մի քանի կոնկրետ փոփոխության մասին կարո՞ղ եք խոսել, ի՞նչ փոփոխություն է նախատեսվում:
– Ո՛չ, չեմ կարող:
– Այսինքն` դեռ հայտնի չէ՞` ինչ փոփոխություն է լինելու:
– Հարցերը դեռևս քննարկման են ենթարկվել: Ինչ վերաբերում է հնարավոր ուղղություններին, ավելի ճիշտ` հայեցակարգին, դա կներկայացնի հանձնաժողովը:
– Փաստորեն, դեռ պարզ չի՞` ինչ է լինելու: Արդեն իսկ խոսվում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին, պառլամենտական կառավարման մոդելին անցնելու մասին:
– Ես ասացի` հարցերը քննարկման փուլում են: Այդ ամենի վերաբերյալ կարծիք և որոշում կներկայացնի հանձնաժողովը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































