Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի զինված ուժերի ռազմական ակադեմիաների հրամանատար, բանակի գեներալ Բիլգին Բալանլըն հերթական անգամ կանչվել է դատախազություն՝ 2003 թվականին պլանավորված «Բալյոզ» («Կռան») ռազմական հեղաշրջման դատավարության շրջանակում ցուցմունքներ տալու համար։
Նշվում է, որ դեռևս ոչ վաղ անցյալում Բալանլըն և մի քանի այլ բարձրաստիճան զինվորականներ ցուցմունքներ էին տվել «Բալյոզ»-ի գործով։ Դա հարուցել էր զինվորականների խոր դժգոհությունը, ինչը չէր վրիպել թուրքական հասարակության աչքից։ Առանց որևէ պատճառաբանության՝ Գլխավոր շտաբը չեղարկել էր ավանդաբար անցկացվող երկու ռազմածովային զորավարժություններ։ Դա իր հերթին առաջացրել էր կառավարության անդամների դժգոհությունը, որոնք էլ համարժեք միջոցներ էին ձեռնարկել։
Թուրքական լրատվամիջոցները գեներալ Բալանլըի Ստամբուլի դատախազություն կանչվելը և «Բալյոզ»-ի գործով ցուցմունքներ տալը որակել են որպես իշխանությունների կողմից երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պահապան համարվող բանակին հասցված «նախընտրական ապտակ»։
Ըստ էության, Թուրքիայում դիտավորյալ անվստահության մթնոլորտ է ստեղծվում կառավարության ու բանակի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որպեսզի վերջիններս մշտապես ապրեն վախի մթնոլորտում՝ սպասելով «վհուկների որսի» հերթական ալիքին։
Հիշեցնենք, որ արաբական աշխարհում հուզումների սկսվելուց հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանին խորապես անհանգստացնում էր այն, որ թուրք զինվորականները կարող են ոգևորվել արաբական աշխարհի զարգացումներով և ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկել:
Դրա համար էլ պատահական չէր, որ փետրվարի 11-ին Ստամբուլի 10-րդ ծանր հանցավորությունների դատարանը վճռեց ձերբակալել «Բալյոզ» ռազմական հեղաշրջման գործով 196 կասկածյալներից 163 զինվորականի, այդ թվում նաև ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեքին, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆըրթընային և Ստամբուլում տեղակայված 1-ին դաշտային բանակի նախկին հրամանատար, գեներալ Չեթին Դողանին:
Ընդ որում, նրանցից 133-ը ձերբակալվեցին հենց դատարանի դահլիճում, իսկ դատական նիստին չմասնակցած մնացած 30-ը` ավելի ուշ: Հետագայում ձերբակալությունները շարունակվեցին, և ապրիլի 7-ին ձերբակալվեց Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Մուրաթ Աթաչը:







































