Անի Քոչարի հրատարակած նոր՝ «Ես եմ» ամսագրի վրա դրված կալանքն ապօրինի է: Այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ այս մասին ասաց ինքը`Անի Քոչարը, միաժամանակ հավելելով, որ «Ես Yes» ամսագրի հետ ինքն այլևս կապ չունի:
«Հիմա շուկայում երկու ամսագիր կա` «Ես Yes» և «Ես եմ»: Դրանցից առաջինի հետ ես այլևս որևէ առնչություն չունեմ: Ինձ այլ բան չէր մնում, քան նոր անվանումով նոր ամսագիր տպագրել: Հատկանշական է, սակայն, որ «Ես Yes»-ի վերջին` շուկայում եղած համարը իմ և իմ թիմի աշխատանքն է: Լիցենզիայի կասեցումից հետո «Ես Yes»-ի նոր համար չի տպվել: Ես եմ ուսանող տարիներին` 2006 թվականին, ստեղծել այդ ամսագիրը`դիմելով «Սի Էս Մեդիա» գրուպին` ապահովելու գործի ֆինանսական կողմը, սակայն երբ այդ ընկերության սեփականատերերը փոխվեցին, իսկ ընկերությունն էլ վերանվանվեց «Պանարմենիան գրուպ»-ի, «Ես»-ը մտավոր սեփականության գործակալությումում որպես ապրանքանիշ գրանցվել է միայն 2011-ին: «Ես Yes» ամսագրի մասով, որը նոր սեփականատերերն ինձնից թաքուն են գրանցել, այլևս պահանջ չունեմ: Այն վերցրել են ձեռքիցս, թող վերցնեն, բայց թող չխանգարեն հրատարակել նոր «Ես եմ»-ը: Իմ թիմը հիմա էլ աշխատում է նոր ամսագրի նոր համարի վրա: Մեզ ընկճելը շատ դժվար է, մեկ համակարգչով, անգամ տնից կարող ենք միանգամից վեց նախագիծ անել:
Մենք փոխհամաձայնության ենք եկել «Պանարմենիան Մեդիա գրուպի» նոր տնօրեն Արմեն Արզումանյանի հետ, որպեսզի իրենք հետ վերցնեն «Ես եմ»-ի վրա եղած կեղծ կալանքը, մենք էլ չհավակնենք հին «Ես Yes»-ին: Ես համաձայն եմ, որ այս ամբողջ պատմության մեջ ես էլ մեղքի բաժին ունեմ` ի դեմս այն բանի, որ ուսանող տարիներին փաստաթղթային, իրավաբանական տեսանկյունից չեմ ամրագրել «Ես Yes»-ի նկատմամբ իմ իրավունքները»,- ներկայացրեց Անի Քոչարը:
Ամփոփելով` նա շեշտեց, որ այս ամբողջ խճճված պատմության պատճառը իր և իր թիմին գործից դուրս թողնելու ցանկությունն է: «Թող տանեն, իրենց ամսագրերը գրանցեն, ոչ թե իմը, այն էլ՝ ինձանից թաքուն: Միաժամանակ, ես այս երկրում արդարամիտ դատի չեմ հավատում: Եվ չեմ պատրաստվում բողոքարկել դատարանի որոշումը»,- ասաց նա:
Անի Քոչարը տեղի ունեցածը իր հասարակական գործունեության հետ կապում է այնքանով, որքանով «կար հստակ դիտավորություն` ինձ և իմ թիմին այդ գործից դուրս թողնելու»:









































