Այն տարողությամբ, որ մենք պատկերացնում ենք ասոցացում հասկացությունը, համաձայնագրի ստորագրումն այլևս անհնար է: Սեպտեմբերի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ խոսքը համագործակցության նոր որակի մասին է, քանի որ ԵՄ հետ համագործակցության որոշակի մակարդակ Հայաստանը միշտ էլ ունեցել է:
«Ասոցացված անդամը շատ մոտ է անդամ լինելու կարգավիճակին, այս իմաստով՝ ասոցացումն այլևս հնարավոր չէ այնպես, ինչպես դա պատկերացվում էր մինչև սեպտեմբերի 3-ը: Ակնհայտ է, որ այն համաձայնությունները, որոնք տեղի են ունեցել մինչ այդ, այլևս նույն ծավալով մնալ չեն կարող, այլևս մի շարք խնդիրներ՝ տնտեսական և այլ, անհամատեղելի են: Մենք նորից փորձում ենք հայտարարել, որ կարող ենք, պատրաստ ենք ԵՄ հետ համագործակցել, սակայն այստեղ արդեն համագործակցության այլ մակարդակի մասին կարող ենք խոսել»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ տարբեր երկրների հետ Եվրոպան ամենատարբեր մակարդակի հարաբերություններ ունի, սակայն նախկին մակարդակի մասին այլևս պետք է մոռանալ: ՀՅԴ անդամի խոսքով՝ դեռ անհնար է պատկերացնել՝ ինչ են պատրաստվում ստորագրել, Հայաստանի հետ հետագա համագործակցությունը ԵՄ-ն ինչպես է պատկերացնում: Նա համոզված է՝ համագործակցության ցանկացած ձևաչափի ընտրության դեպքում իշխանությունները կասեն՝ տեսաք, մենք ունեցանք դա, մինչդեռ դա այլևս ասոցացում անվանել չի կարելի:
«Եվրոպական արժեհամակագին միանալու պարտադիր պայման չէ նրա հետ նույն տնտեսական դաշտում գտնվելը, բայց աշխարհաքաղաքական շահեր հետապնդող ցանկացած երկիր, գերտերություն, առավել ևս՝ միավորում, այդ ամենը չի տարանջատում, եթե հեռանկարային, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող համագործակցության մասին է խոսվում»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով՝ պարզ չէ՝ Հայաստանի սահմանը որտեղ է ավարտվում, առևտրային հարաբերությունները մինչև որ սահման են հասնելու, ԼՂ-ն դրա մեջ մտնելու է թե ոչ, մինչդեռ այս հարցերը քննարկվում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ: Ռուստամյանի համոզմամբ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ իր հարցադրումներն անպատասխան թողնելն իր պատճառներն ունի. իշխող ուժերը խուսափում են բացատրել՝ ինչու մենք չկարողացանք այս ամենին այլընտրանք գտնել, ինչու ընտրեցինք ՄՄ, ոչ թե ԵՄ: «Այս քայլը փորձում են ներկայացնել որպես զուտ տնտեսական համագործակցության քայլ, սակայն սա քայլ է՝ կապված աշխարհաքաղաքական նոր բյուրեղի մաս կազմել-չկազմելու խնդրի հետ: Մենք մեր վեկտորն ուղղել ենք դեպի այդ քաղաքական միավորում»,- ասաց նա:









































