«ԵՄ վերջնական որոշումը կայացված չէ: Կսպասենք՝ մինչև այս փրփուրն ու «փուքսը» իջնեն: Ես բիզնեսմեն եմ և մտածում եմ, որ Հայաստանի արտահանումը երեք բաժնեմասից է բաղկացած. 1/3-ը՝ ԱՊՀ, հիմնականում՝ Ռուսաստան, 1/3-ը՝ Եվրոպա, 1/3-ը՝ աշխարհ: Եվրոպայի 1/3-ի մեջ մտնում են այնպիսի ապրանքներ, որոնք ոչ մի պրեֆերենցիայի կարիք չունեն, ազատ շուկայի կարիք չկա, դրանք միևնույն է՝ գնացել են ու գնալու են»,-«Առաջին լրատվական-»ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագրի հիմնական՝ տնտեսական հատվածը (ԽՀԱԱՊ-ը) անհամատեղելի են:
Շարունակելով իր միտքը Ղազարյանը նշեց, որ հիմնականը, որը մեր արդյունաբերության ճյուղերի զարգացման արդյունքն է, ԱՊՀ տարածքն է: Նրա պնդմամբ՝ այնտեղ է, որ ծավալներ ենք տալիս, շուկան դեռ անսպառ է և այդ շուկան նաև եվրոպացիներն են փորձում գրավել:
Այն հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու սահմանի բացակայության խնդիրը, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Ժամանակին Վրաստանը շատ կոշտ կերպով դուրս եկավ ԱՊՀ-ից, բայց հայ-վրացական փոխադարձ պայմանագրերը առ այսօր մեզ ապահովում են անարգել, հավասար իրավունքով տրանզիտով: Ես վստահ եմ, որ մենք իրավական ռեժիմներ կգտնենք Վրաստանի հետ առանց խոչընդոտների մինչև Փոթի և Վերին Լարս սահմանային կետը անցնելու և Մաքսային միության տարածք հասնելու համար: Դա տեխնիկական խնդիր է, որը երկու պետությունները կլուծեն: Փառք Աստծո, մենք Վրաստանի հետ շատ լավ համագործակցության դաշտ ունենք» :
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ավելի ուշ:








































